24.11.2024
Բացվեց Հայաստանում առաջին արեւային վահանակներ արտադրող գործարանը
prev Նախորդ նորություն

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել Հայոց բանակում և ի՞նչ հիմքերով

Հատկապես անցած ապրիլյան պատերազմից հետո առավել հաճախ սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայում առաջնագծում։ Այս հարցադրմանն ի պատասխան՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անգամ արդարացավ՝ նշելով, որ ապահովված ընտանիքների զավակներն ավելի մեծ հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու և դրա շնորհիվ առաջնագծում ծառայելուց խուսափելու։

Factor.am-ը դեռևս մեկ ամիս առաջ գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակը և խնդրելով տեղեկացնել, թե նրանցից ով և որտեղ է պարտադիր զինվորական ծառայություն անցել։ Պատասխանում ներկայացված են աղբյուրի կողմից հարցված բոլոր պաշտոնյաների զավակների վերաբերյալ տեղեկություններ։


Եվ այսպես, պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել՝


ԱԺ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը.


ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկ Կարապետյանը.


Աժ նախկին պատգամավոր, նույն խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը.


Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկի՝ տարբեր նախարարական պորտֆելներ կրած, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին՝ նախկին դատավոր Արտակ Զախարյանը։


ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկի՝ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները։


Գյումրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանի որդին՝ մշտապես սկանդալային պատմություններում հայտնվող Սպարտակ Ղուկասյանը։


Պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների որդիների թվում են նաև ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը։


«ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր, նախորդ գումարման խորհրդարանի հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։


ԱԺ գործող պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանի որդին՝ «Արփա-Սևան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը։


Հայրենիքին իրենց պարտքը չեն մատուցել նաև Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի որդին՝ Վարդան Ցոլակյանը,


Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա՝ Կարապետ Գուլոյանը,


Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որդին՝ Էդուարդ Առաքելյանը,


ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը։


Ուշագրավ է, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել անգամ Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը։


Պարտադիր զինվորական ծառայություն չի անցել նաև Հայաստանի վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը։


Թե ինչ հիմքով են նշված անձինք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Պաշտպանության նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ դա անձնական տվյալ է։


ՊՆ ներկայացրած պատասխանում զինվորական հաշվառման վերաբերյալ տվյալներ չկան նախկին երկու բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդու՝ Վաչագան Կարապետյանի և Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի մասին։ Պաշտպանության նախարարության պատասխանում ներկայացված են նաև այն պաշտոնյաների զավակները, որոնք օրենքով սահմանված հիմքերով տարկետման իրավունք են ստացել։


 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: