Բացվեց Հայաստանում առաջին արեւային վահանակներ արտադրող գործարանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արեւային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արեւային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով:
SolarOn արեւային վահանակներ արտադրող եւ տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝ 50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը նախատեսում է նախ արեւային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային եւ այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արեւային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազ. ԱՄՆ դոլար: 2017 թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով եւ արդեն իրականացրել է արտադրական եւ բնակելի տարածքների համար արեւային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:
Կառավարությունից տեղեկացնում են, որ 2017 թ. փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման համար: