Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հետադարձ հայացք գցելով անցած տարիներին ու այդ փորձին երկրի ղեկավարը մի շարք եզրակացություններ ներկայացրեց: Առաջինը, հաջողություն է արձանագրվել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրվել են հասարակությանը: Նրա կարծիքով, որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է:
Սերժ Սարգսյանը շեշտեց՝ Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել:
«Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը»,- ասաց նա:
Երկրորդը, որ մատնանշեց Սերժ Սարգսյանն այն է, որ թափանցիկությունն, ըստ նրա, ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ.
«Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ»:
Երրորդը՝ իշխանությունները շարունակելու են հետևողականորեն աշխատել արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենալ.
«Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Իր հերթին վարչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ այն ծրագիրը, որ ձևավորել է թիմը, գործադիրը իրագործելու է: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է: