Իհարկե, ՌԴ-ն մեր դաշնակիցն է, բայց չպետք է ունենանք ավելորդ սպասելիքներ. ԱԳՆ
Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ, եթե այդ մթնոլորտը չկա՝ չի կարող լինել առաջընթաց բանակցային գործընթացում: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Երբ կրակում են, երբ սադրանքներ են ինչպե՞ս կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ: Դա ակնհայտ է, և պատահական չէ, որ անընդհատ հնչում է այն թեզը, որ Ադրբեջանը պետք է կյանքի կոչի այն պայմանավորվածությունները, որոնք ստանձնել է թե՛ Սանկտ Պետերբուրգում, թե՛ Վիեննայում»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Շավարշ Քոչարյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Ալիևին չի հաջողվում բերել բանակցային սեղանի շուրջ.
«Բերելու խնդիր չի, այլ ինքը պետք է իրականացնի այն, ինչ ստանձնել է: Այն հանգամանքը, որ ինքը արհամարհում է և փորձում է հակառակն անել ՝ միջնորդները պետք է գնահատական տան»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեր դաշնակից Ռուսաստանը շարունակում է սպառազինել Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց՝ անվտանգության հարցերում մեր հույսը պետք է դնենք միայն մեր ուժերի վրա և չունենանք ավելորդ սպասելիքներ.
«Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են բերել լրիվ այլի: Դա իրականություն է, մեր դիրքորոշումը այդ հարցում շատ հստակ է և պարզ է, բազմիցս դա նաև արտահայտվել է բարձր մակարդակում, բայց իրողությունը դա է: Եվ ելնելով այդ իրողությունից մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ»,- հավելեց նա: