ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Իրանից նավթ գնող երկրների նկատմամբ
ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և յուրաքանչյուր երկրի նկատմամբ, որը կշարունակի նավթ գնել Իրանից ի հեճուկս Միացյալ Նահանգների դիրքորոշման: Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆիննախարար Սթիվեն Մնուչինը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես կասեմ, որ մենք մտադիր ենք պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի նկատմամբ՝ կապված իրանական նավթի հետ, այդ թվում և Չինաստանի», - ասել է Մնուչինը համաշխարհային ֆինանսական համակարգի իրավիճակին նվիրված լսումներում:
Օրենսդիրները ֆիննախարարին հարցրել են, թե ինչ կլինի Չինաստանի հետ հարաբերություններում, որի հետ արդեն իսկ առևտրային պատերազմ է սկսվել և որը հանդիսանում է Իրանից նավթի խոշոր ներկրողը:
«Կրկնում եմ, մենք պատժամիջոցներ կսահմանենք յուրաքանչյուրի դեմ՝ Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի և մյուսների», - ասել է նա: