26.11.2024
Փորձագետը բացատրել է, թե ինչու Վրաստանը չի անդամակցի ՆԱՏՕ-ին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը որդեգրել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերը դատարկելու ռազմավարությունը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գիշերը կրակոցներ են եղել: Կրակոցներն արձակվել են հրազենային զինատեսակներից և, բարեբախտաբար, ծանր հետևանքներ չկան:


Ադրբեջանը փորձում է ՀՀ-ն վերածել «շրջափակված ամրոցի», կրակի տակ պահելով գրեթե բոլոր սահմանամերձ բնակավայրերը` տարիներ շարունակ գնդակոծվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, խոչընդոտներ են ստեղծվում հողերի մշակման ու անասնապահության զարգացման համար, վերջերս Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ուժերը բարելավել են իրենց դիրքերն ու կրակ արձակել Զանգակատուն գյուղի ուղղությամբ ու Արենիի ուղղությամբ նույնպես փորձում են ապակայունացնել իրավիճակը: Այժմ էլ կրակի տակ են պահվում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերը:


Բաքուն նպատակ ունի, կրակի տակ պահելով ու կրակային ճնշում գործադրելով քաղաքացիական անձանց ուղղությամբ, դատարկել այդ գյուղերը` չմտնելով ՀՀ-ի հետ, որպես ՀԱՊԿ-ի անդամի ու ՌԴ-ի դաշնակցի, խոշորածավալ ռազմական բախման մեջ:


Այս ռազմավարությունը նպատակ ունի նաև ապակենտրոնացնել ՀՀ զինված ուժերը` տարբեր ստորաբաժանումներ մնալու են իրենց դիրքերում և պետք եղած պահին չեն կարողանալու տեղաշարժվել դեպի Արցախ: Դրանով ադրբեջանական կողմը փորձում է ԼՂՀ ՊԲ-ին զրկել մարդկային այն ռեսուրսներից (ՀՀ-ի մոբռեսուրսից), որը պետք է Քարվաճառով ու Լաչինով օգնության հասնի: Չմոռանանք, որ ապրիլին Արցախ էին մեկնել հիմնականում կամավորական ջոկատները, դրանով իսկ ուժեղացնելով առաջնագիծն ու լրացուցիչ ուժեր ազատելով ՊԲ-ից այլ գործողություններ իրականացնելու համար:


Այժմ ՀՀ զինված ուժերի համար բացվում են նոր ճակատներ` Նախիջևանյան, որը տարիներ շարունակ համեմատաբար հանգիստ էր, ինչպես նաև Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Գեղարքունիքի մարզի այդ շրջանում տեղակայված են հանքեր, ինչպես նաև անցնում է ռազմավարական նշանակության երկաթգիծ: Չի բացառվում, որ Ադրբեջանը լայնածավալ գործողությունների դեպքում փորձելու է հարվածել և շարքից հանել երկաթգիծն ու այդ շրջանի ճանապարհները:


Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը` Մինսկի խմբի համանախագահների լուռ համաձայնությամբ: Պաշտոնական Երևանը պետք է, նախ, համապատասխան հակահարված տա ադրբեջանական կողմին, զերծ մնալով գյուղերին հարվածելուց, այլ միայն ռազմական օբյեկտները նշանառության տակ առնելով, ինչից հետո դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի նրանք հստակ ու կոշտ արձագանք տան, հակառակ պարագայում հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է Բաքվի վրա:


Հաշվի են նստում միայն ուժեղի հետ. պետք է ցույց տալ ուժ, հակառակ պարագայում կրակի տակ են հայտնվելու նորանոր բնակավայրեր: