Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից: Այս մասին ասված է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում: «Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը և հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրության տեքստում: