Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի հավատում գործող իշխանություններին, քանի որ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց երկրում դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, դեռ հակառակը՝ ունենք բացասական միտումներ որոշ ոլորտներում: Բայց և վերադարձ անցյալին չի ցանկանում:
«Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավիճակը ժողովրդի համար չի բարելավվել: Ժողովրդի սպասելիքները ներկա իշխանությունից շատ ավելին էին, բայց ակնհայտ է, որ ավելի շատ ժողովրդահաճո հայտարարություններ են հնչում, քան գործողություններ են արվում իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը:
Նրա խոսքով, տեսանելի չէ նաև այն տնտեսական հեղափոխությունը, որը տևական ժամանակ է ազդարարվել է, բայց ուշանում է: Ղազարյանը նկատեց, որ գուցե արվում են որոշ քայլեր, բայց դրանք չեն կարող այդպես բարձր հնչող տնտեսական հեղափոխության հիմք հանդիսանալ: Առավել ևս այն սպասելիքների ֆոնին, որն ունի ժողովուրդը.
«Հակառակը՝ մենք տեսնում ենք, որ կան կրճատումներ (նկատի ունի ուսուցիչների շրջանում և պետական ապարատում – խմբ.), որոնք կավելացնեն գործազուրկների բանակը»,- ավելացրեց նա:
Հարցին՝ խնդիրը նրանում է, որ քիչ ժամանակ է անցել, թե ինքը չի հավատում այս իշխանության ներուժին, Հայաստանի թիվ մեկ կոմունիստը կարծիք հայտնեց, որ կադրային քաղաքականությունն էլ լավագույնի հույսն է դեռ թողնում, բայց խոսքը այս պահին գոնե այն մասին է, ինչ տեսնում է, իսկ տեսածը հաստատ հուսադրող չէ.
«Խնդիրը նրանում է, որ կառավարություն սողոսկած Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա զարգացում, քանի որ Սորոսն ունի իր գաղափարախոսությունը, որը կազմաքանդ ու արմատախիլ է անուն պետականությունը և թույլ տա Հայաստանում զարգացում տեղի ունենա: Ամենը արվում է նեղ անձնական շահերի և ոչ թե ժողովրդի համար»,- շեշտեց նա:
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում առկա զարգացումներին, մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահի շուրջ ուժերի հնարավոր կոնսոլիդացիային, ինչի մասին վերջին իր հարցազրույցում ասել էր նաև երկրորդ նախագահը, Երջանիկ Ղազարյանն ասաց, որ այս պահին ուժեղ ընդդիմություն չի տեսնում, որը կարող է դուրս գալ իշխանության դեմ: Նրա կարծիքով, հայտարարված կոնսոլիդացիան դեռ իրականություն չի դարձել, հետևապես գնահատել դրա ուժն ու հզորությունը դեռ վաղ է, բայց Հայաստանի կոմունիստները ունեն իրենց սեփական գիծը՝ «եթե նրանք սևեր ու սպիտակներ են, ապա իրենք կարմիրներն են». «Մենք ունենք մեր գաղափարախոսությունն ու ծրագիրը ու շարժվելու ենք մեր ծրագրով»:
Սակայն մեր զրուցակիցը վստահ է մեկ բանում՝ եթե անգամ Ռոբերտ Քոչարյանի կոնսոլիդացիան ստացվի, նա գլխավորի քաղաքական ուժ, որը կպայքարի այս իշխանությունների դեմ, միևնույնն է վերադարձ անցյալին չի կարող լինել, քանի որ դա կործանարար կլինի Հայաստանի համար: Այս փուլում առավել ևս կարևոր է, ասաց նա, նայել առաջ, ելնելով իրականությունից, իսկ ետդարձը սխալ կլինի:
«Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, նախ, պետք է այդ սևեր-սպիտակների բաժանումից հրաժարվել և աշխատանքով զբաղվել՝ իրական, դժվար, չարքաշ աշխատանքով հանրապետությունը դուրս բերել այս բարդ սոցիալ-տնտեսական վիճակից: Միայն լոզունգները, պոպուլիզմը ու գեղեցիկ խոսքերը որևէ իրավիճակ ունակ չեն փոխելու: Իրական ու տեսանելի արդյունքը պահանջում է նաև բանիմաց մասնագետների համախմբում ու աշխատանք, ովքեր, ցավոք, այս իշխանության մեջ ուղղակի չկան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ էլ Ղազարյանը խնդիրներ է տեսնում, հատկապես հայ-ռուսական հարաբերություններում: Մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանը դեռևս փորձում է պահել բալանսը Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, բայց խնդիրը նրանում է, որ իշխանության մեջ այնպիսի մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվելով արևմտյան տարբեր հիմնադրամներից ու կազմակերպություններից հակառուսական քաղաքականություն են իրականացրել: Եվ եթե իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդ հարաբերությունները դեպի բարելավում տանող քայլեր ձեռնարկի, ապա այդ անձանց խոչընդոտելը իրեն սպասեցնել չի տա.
«Այս պահի դրությամբ հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ավելի շատ խանգարողներ կան, քան ջատագովներ և թե՛ ՀԱՊԿ-ի քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, թե՛ ՀՀ պատվիրակության որոշ անդամների չքվեարկելը Ռուսաստանի համար կարևոր բանաձևերի ժամանակ, թե՛ տարբեր հայտարարություններ, որ արվում են դրա ապացույցն են: Այս ամենին հետևելով ես դեռ այդ հարաբերությունների բարելավման ու խորացման նախադրյալներ չեմ տեսնում, թեև միանշանակ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անչափ կարևոր են: Կոմունիստական կուսակցությունը այդ հարաբերությունների խորացման ու ընդլայնման ջատագովն է, ընդ որում բոլոր ուղղություններով՝ տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային, հումանիտար և այլն»,- նշեց նա:
Ղազինյանն ավելացրեց, որ Ռուսաստանի կողմից ևս պետք է այդ հարաբերությունների առողջացմանն ուղղված քայլեր իրականացվեն, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում երբեմն գլուխ են բարձրացնում հակառուսական տրամադրությունները ու հատկապես, հաշվի առնելով այն, որ այդ տրամադրությունները բորբոքողների մի մասը այսօր իշխանության մաս է կազմում:
Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարևոր է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի տեսանկյունից, քանի որ Արևմուտքը նկրտումներ ունի նաև այդտեղ և պատրաստվում է հակամարտության կարգավորման անվան տակ շփման գծում տեղակայել ՆԱՏՕ-ի զորքեր՝ ՄԱԿ-ի անվան տակ.
«Դա անընդունելի է: Մենք գտնում ենք, որ դա դեմ է ոչ միայն Ռուսաստանի , այլև Հայաստանի կենսական շահերին: Եվ մենք պայքարելու ենք, որպեսզի թույլ չտանք Արցախում ոչ հայանպաստ լուծում»,- հավելեց Երջանիկ Ղազարյանը:
Լիա Խոջոյան