16.10.2025
Ծա՞ղր թե ճշմարտություն
prev Նախորդ նորություն

Դատավորներին հրահանգել են տուն չգնալ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


"Հրապարակ" օրաթերթը գրում է. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երեւանի առաջին ատյանի բոլոր դատարանները` իրենց բոլոր դատավորներով հանդերձ, մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն դատարանում։ Նման բան մեկ էլ եղել է, երբ Սամվել Կարապետյանին էին ձերբակալում: Հավանաբար, դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը մտածել է՝ տրցակներով միջնորդություններ են բերելու, բոլոր դատարանները հերթապահեն, որ հասցնեն կալանքի սանկցիաներ տալ: Հիմա 12 հոգեւորականի են բերման ենթարկել, եւ նորից նման հրահանգ է տրվել, թերեւս, կանխատեսում են, որ շատ միջնորդություններ կլինեն։


Մեր հարցին, թե որն է սրա իմաստը, ԲԴԽ-ից ասացին. «Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարակշռելու` մինչդատական վարույթի շրջանակում ներկայացված միջնորդությունները, բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացնելու մասին միջնորդությունները քննելու վերաբերյալ հերթապահությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին ազատելու է Ամենայն հայոց կաթողիկոսից, եւ անցել է գործնական քայլերի: Սակայն, իր ոճին համահունչ` ոչ իր դեմքով եւ ոչ իր ձեռքով: Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանան Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ հայտնել էր, թե 2021 թվականին Վարչապետական օջախն օրհնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը Կաթողիկոսի քրոջ որդին է: Նա նաեւ պատմել էր թե` «2021 թվականի բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ՝ այլ վերադասի»:


Ահա, այս արտահայտության համար Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել է իրավապահներին` կցելով հարցազրույցը` պահանջելով ստուգել պարտադրանքի տարրերը: Եվ, ահա, քննչական կոմիտեն սկսեց գործընթաց եւ Իոաննիսյանին դրեց անհարմար վիճակի մեջ. առանց նրան տեղեկացնելու գործի ընթացքի մասին՝ գիշերվանից սկսեց «հավաքել» 17 հոգեւորականների` նրանց թվում կաթողիկոսի քրոջ որդուն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բացի Իոաննիսյանից, այս գործով հաղորդում է տվել նաեւ մի քննիչ` արդեն քննչական գործողությունների արդյունքում, որի անունը ճշտվում է:


Ինչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական պահանջները բավարարելու համար քննիչներին, դատախազներին, փաստորեն նաեւ Իոաննիսյանին հանեց հոգեւորականների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն 17 հոգեւորականների եւ ծառայողների տուն է մտել խուզարկության` միաժամանակ առգրավելով նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ անչափահասների հեռախոսները, ապա բերման ենթարկելով բոլորին: Մինչեւ կեսգիշեր վկայի կարգավիճակով բաց են թողել հոգեւորականների մեծ մասին` բացառությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Մուղնու հոգեւորական, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգինի եւ թեմի 60 ամյա կին ֆինանսիստի, որոնց, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն այս գիշեր նշանակված նիստերով:


Այս ձեռագիրն արդեն ծանոթ է. սկզբում մտնում են խուզարկության, հետո նոր մեղադրանք հարուցում: Երեկ եկեղեցու գանձարանները կոտրելով՝ իրավապահները գտան, օրինակ, մեդալներ, գումար, բենզինի կտրոններ եւ այլն, ցուցադրեցին դա` փորձելով հանրության շրջանում «թալանչու նոստալգիա» առաջացնել եկեղեցու նկատմամբ. հետո կմտածեն, թե ում վրա ինչ մեղադրանք «կարեն»: Փողերի կադրերով ակնհայտորեն լուծվում էր հասարակության վրա ազդելու քաղաքական խնդիրը:


Նույն ձեռագիրն էր ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեպքում. սկզբում Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց, թե խուզարկում են եւ ձերբակալել են բարերարին, հետո պարզվեց, որ հիմքեր չկան ձերբակալելու, ժամեր շարունակ գործ էին սարքում, որն ի վերջո դատարանը ոչ իրավաչափ համարեց: Բայց բարերարը կալանավորված էր: «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ շրջանակից հայտնի դարձավ, որ թեեւ Տեր Արամը ուղիղ ցուցմունքներ չի գրել իր վերադաս թեմի առաջնորդի առնչությամբ, սակայն ենթադրաբար «սեւագիր» է տվել, որ կաթողիկոսի քրոջ որդին, մյուսները ով ինչ դերակատարում ունեն թեմում, ինչով են զբաղված եւ այլն:


Ահա այսպես՝ Տեր Արամի ձեռքով չեզոքացնելով եւ գլխատելով Արագածոտնի թեմին՝ Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթ կգնա Օշական` մասնակցելու Տեր Արամի պատարագին: Փաշինյանական հոգեւորականն արդեն հաստատել է, որ ինքն է վարչապետին հրավիրել պատարագի, որ հետո իր բնակիչները Փաշինյանին գյուղի վերաբերյալ հարցեր տալու հնարավորություն ունենան: Այսինքն՝ Արագածոտնում մարզպետ չկա` ի դեմս Սերգեյ Մովսիսյանի, որ Կառավարությանը հասցնի մարդկանց ուղերձները, Տեր հայրն է զբաղված համայնքի խնդիրներով: Ի դեպ, երեկ Սաղմոսավանքում պլանավորված հարսանիքները չեն կայացել, քանի որ հոգեւորականները եղել են քննչականում»։


"Հրապարակ" օրաթերթը գրում է. Թեպետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունը տեւական ժամանակ քարոզարշավ է իրականացնում։ Մեզ պատմեցին, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետարանը վերածել է նախընտրական շտաբի։ Բանուգործը թողած՝ ողջ օրը Էջմիածնի ընտրություններով է զբաղված` իր մոտ է կանչում Վաղարշապատ խոշորացված համայնքն ընդգրկող համայնքների «ավտարիտետներին», համայնքի ղեկավարներին եւ «թիվ» պահանջում՝ ով որքան ձայն կարող է ապահովել ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի համար, հաղթանակի դեպքում խոստանում պարգեւ` ում ինչ հարկավոր է։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««8 անգամ ներողություն կհայցեմ, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն», – «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ զրույցում հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորին եւ հանրությանը հարկ է համարում հիշեցնել առնվազն մեկ խոշոր բարերարություն, որն արել է «Տաշիր» ընկերությունը Գեղարքունիքի մարզում, ինչի մասին հայտնել է Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարգսյանը 3 տարի առաջ:


«Սոթք գյուղի՝ 2022 թվականի սեպտեմբերյան հրետակոծության հետեւանքների վերացման ծրագիրը ընթանում էր դեռեւս անցած տարվա նոյեմբեր ամսից. պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետեւանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։ Եկող տարվա ընթացքում կկառուցվեն եւ, պատրաստի վիճակում, հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նաեւ նորակառույց այս բնակարանները»,- հայտնել է մարզպետը:


Բայց, սրանից բացի, «Տաշիր» ընկերությունը նաեւ բազմաթիվ տներ է կառուցել եւ նվիրել Սոթքի բնակիչներին: Անհնար է՝ սա չիմանար Նարեկ Գրիգորյանը, որը այդ օրերին Գեղարքունիքի փոխմարզպետն էր: Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով բանակից փախած է, նախկինում զբաղվել է ձկնգողությամբ, իսկ հիմա իշխանական պատգամավոր է աշխատում` ժանրի կանոններով ակնհայտ ստեր խոսելով ու պոռոտախոսելով: Այնպես որ, Նարեկ Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի»։


"Հրապարակ" օրաթերթը գրում է. Մինչ կառավարության որոշ անդամների համար գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են գնում, Փաշինյանն ու իր ընտանիքն էլ շրջում են շարասյունով, պառլամենտական կառավարման համակարգ ունեցող պետությունում օրենսդիրները վիճակահանությամբ են ծառայողական ավտոմեքենաներից օգտվում: Ամիսներ առաջ, երբ Փաշինյանը ցուցադրաբար վերցրեց գերատեսչություններին ծառայող մեքենաների ցուցակը եւ գրիչով սկսեց ջնջել` կրճատել դրանք, իբր խնայողության նկատառումներից ելնելով, շատերը հումոր էին անում` քո եւ կնոջդ մեքենաները կրճատի:


Ավելի լուրջ վերլուծողներն ասում էին, որ այդ որոշման արդյունքում աշխատանքը կազմակերպելու խնդիրներ կառաջանան: Կրճատվեց նաեւ Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը, եւ դրա արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովներին ծառայող մեքենաները նվազեցին: Հիմա երկու հանձնաժողովի մեկ ծառայողական մեքենա է սպասարկում, մինչ այդ յուրաքանչյուրին 1 մեքենա էր հասնում։ Եվ որպեսզի հանձնաժողովները «ռազբորկաներ» չանեն, որոշել են, որ հերթով են օգտվելու ծառայողական մեքենայից:


Այսինքն, նույն մեքենան մի ամիս մի հանձնաժողովի նախագահին է տանում տուն, բերում աշխատանքի, մյուս ամիս` մյուս հանձնաժողովի նախագահին: ԱԺ առողջապահության հանձնաժողովի նորընտիր ղեկավար Հռիփսիմե Հունանյանը մեզ վստահեցրեց, որ դա մեծ խնդիր չէ` նախապես միմյանց հետ ճշտում են աշխատանքային գրաֆիկը եւ ըստ այդմ` օգտվում մեքենայից։


Իսկ եթե նույն օրը, նույն ժամին երկու հանձնաժողովներին պետք է մեքենան։ «Ես իմ անձնական մեքենայով եմ շրջում»: Իսկ եթե նույն միջոցառմանը հանձնաժողովի 2 նախագահ է հրավիրված, չինգաչո՞ւկ եք անում։ «Ոչ, երկուսս էլ նույն մեքենայով ենք գնում»։ Պարզեցինք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան «կիսում» է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ։


"Հրապարակ" օրաթերթը գրում է. Հերթական քառօրյայից առաջ  ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում, քննարկում լիագումար նիստերի օրակարգ մտնող նախագծերը, ընդունում կամ մերժում դրանք։ Երեկ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կար, որն առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Հռիփսիմե Հունանյանը, որի ընտրությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ նախագահը չունի բարձրագույն կրթություն: Երեկվա նիստը կտապալվեր քվորումի բացակայության հիմքով, եթե ներկա չլիներ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որն օրերս է հողին հանձնել որդուն, սակայն ներկայացել էր։


Փոխարենը հանձնաժողովի անդամ ՔՊ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին, ըստ ամենայնի, անձնական գործերն ավելի էին կարեւորել, քան աշխատանքը։ Չնայած ՔՊ-ն ինչպես բոլոր, այս յոթ հոգանոց հանձնաժողովում էլ մեծամասնություն է կազմում, բայց երեք անդամ էր ներկա՝ նախագահը, Լուսինե Բադալյանը եւ նորաթուխ պատգամավոր Վանիկ Օհանյանը, բացակայում էին Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը, ընդդիմությունից Ասպրամ Կրպեյանը, որը երեխայի է սպասում եւ վատառողջ է։ Իշխանականներն ինչպես մատների արանքով վերաբերվում են իրենց աշխատանքին, այնպես էլ երկիր են կառավարում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարի, թեժ պայքարից հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը, ով մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր։


Գալյանը, համաձայն 2024 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը նվիրատվություն է։


Տրանսպորտային միջոցներ Գալյանը չի հայտարարագրել։


Նախարարի բանկային ավանդները կազմել են 4 մլն 312 հազար դրամ, բանկային հաշիվները՝ գրեթե 550 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 700 հազար դրամ եւ 5 հազար դոլար։


Արդարադատության նախարար Գալյանի տարեկան եկամուտները կազմել են 66 մլն 922 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը «ստացված փոխառություն» է «Ամերիաբանկից»:


Գալյանի աշխատանքի վարձատրությունը Նախարարությունից կազմել է 3 մլն 152 հազար դրամ, իսկ ՀՀ Դատախազությունից՝ 25 մլն 74 հազար դրամ։


Եկամուտներից 1 մլն 6 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, 1 մլն դրամը «այլ եկամուտ» է Պետրոս Մկրյանից։


Նախարարի՝ ԵՊՀ-ից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 390.000 դրամ։


Եկամուտներից 2 մլն 497 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 716 հազարը «այլ եկամուտ» է «Ակբա» բանկից։


Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 291 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։


Սրբուհի Գալյանը անցած տարում 39 մլն 374 հազար դրամի վարկեր է մարել»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս իրավիճակում իրավունք չունի պասսիվ կեցվածք ունենալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ