Փարիզում աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 6-ին հանդիպել է ֆրանսիացի մի խումբ լրագրողների հետ։ Խորհրդարանի ղեկավարը լրագրողներին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետեւանքով առկա անվտանգային հարցերի համատեքստում։ Ազգային ժողովի նախագահը ֆրանսիացի լրագրողներին տեղեկություններ է հաղորդել նաեւ արտաքին կապերի, Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության մասին։ Այնուհետեւ Աշոտ Ղուլյանը պատասխանել է ֆրանսիացի լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի լուծման հեռանկարներին, Արցախի տնտեսությանը, երիտասարդության տրամադրվածությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կապերին։