ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից: Լրագրողը կամ լրատվամիջոցի որևէ այլ ներկայացուցիչ պարզապես կատարում են իրենք մասնագիտական աշխատանքը։ Նրանք այդ կերպ ապահովում են մեզնից յուրաքանչյուրի, ողջ հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Նրանց այդ աշխատանքը պաշտպանված է մեր երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի ու մտահոգիչ է համարում «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խմբի անդամների նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը: Քաղաքացիական որևէ ակցիա իրականացնելիս կամ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս պետք է գործել օրենքին հանահունչ, հարգել այլոց իրավունքներն ու արժանապատվությունը և չխոչընդոտել այլոց մասնագիտական աշխատանքը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությունը: Այս մասին հայտնել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը: Հեռուստաընկերությունում տեղեկացել էին, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարան են ներխուժել Արարատի մարզի Հովտաշատ համայնքի 6 տասնյակից ավելի բնակիչներ, հայհոյախառն արտահայտություններ են արել եւ ինչ-որ պահանջներ ներկայացրել, փորձել դուրս հանել ձկնաբուծարանի ձուկը: Դեպքի վայր է մեկնել հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խումբը, սակայն արդեն մուտքի մոտ նրանց չեն թողել տարածք մտնել՝ շուրջ 60 հոգով, ավտոմեքենաներով շրջափակելով նրանց, հարվածել են, վնասել տեսախցիկը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Ավելի ուշ լրագրողները բացատրություն են տվել ոստիկանությունում։ Սակայն հարձակումից հետո էլ մի քանի ժամ դրա մասնակիցները անարգել գտնվել են տարածքում։