6.11.2024
Արցախի ներկայիս տարածքը զիջման ենթակա չէ. Աշոտ Ղուլյանն արձագանքեց Փաշինյանին
25.01.2020
Արցախի ներկայիս տարածքը զիջման ենթակա չէ. Աշոտ Ղուլյանն արձագանքեց Փաշինյանին

Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին մեկնաբանել ԼՂ հակամարտության կարգավորման մասով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը:  «Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ. 1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը: 2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ: 3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության: 4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն: 5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող: Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»,- գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արցախի նախագահի թեկնածուներին մեկնաբանել նախորդ իշխանությունների թողած ժառանգությունը, որոնց հիմքում մադրիդյան սկզբունքներն են: