Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուկյան էջից: Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար: Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է: Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու: