Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է`տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի որդեգրած քաղաքականությունը այլընտրանք չունի։ Այդ մասին նա հայտարարել է մարտի 24-ի կառավարության հերթական նիստի ժամանակ՝ նշելով, որ թեև շատերը Արցախ գազի մատակարարման խնդրի հետ կապված իրադարձությանն արձագանքում են՝ հիշեցնելով եւ քննադատելով Հայաստանի իշխանության խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը։
Վարչապետը չի ընդունում այդ քննադատությունը, ըդհակառակը կարծում է, որ Արցախի գազամատակարարումը դադարեցնելու գործողություններով և այլ զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության մեր օրակարգից, «դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար»:
Չտրվել սադրանքներին
Նա կոչ արեց չտրվել նմանօրինակ սադրանքներին. «Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր եւ մենք որեւէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»։
Այնուհետև Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հեռակա բանակցությունների ժամանակագրությունը և դրանց կապը Արցախի նկատմամբ Բաքվի սադրանքների հետ:
«Գազատարի առաջին պայթյունից հետո՝ մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5 կետանոց առաջարկ: Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին եւ դիմել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին եւ խնդրել ենք աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում», - նշեց վարչապետը` հիշեցնելով, որ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին:
Այդ գնահատականը, վարչապետի խոսքով, հետեւյալն է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:
Այս դիրքորոշման հրապարակման օրը՝ երեկոյան, նկատեց Փաշինյանը, Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: «Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, եւ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»,- արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։
Պատասխան` արմատական ընդդիմությանը
Նա հավելեց, որ ԱԳ նախարարի այդ հայտարարությունից դժգոհ է նաև հայաստանյան արմատական ընդդիմությունը, որը իշխանությանը քննադատում է, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք:
«Այս քննադատությունը առավել քան տարօրինակ է, որովհետև 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովից Երևան վերադարձած և տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի Զվարթնոց օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է․ «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրան դեմ ենք։ Մենք էլ տարածք ունենք և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»:
Նրանից հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այնպես որ, այստեղ որևէ շահարկում տեղին չէ։ Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրավիճակն աշխարհում ու տարածաշրջանում լարված է։ «Եվ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում։ Այս առումով, այո, մենք կարծում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ։ Ընդ որում, պետք է արձանագարել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ։
Մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման եղանակով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը։ Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողաջական հետքաշումից մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով, և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով, երկուստեք կլուծենք վերջին 1․5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- ասաց նա։
Բաքուն ուզու՞մ է կոմունիկացիաների բացում
Իր ելույթի Ադրբեջանին վերավերող հատվածում վարչապետը Փաշինյանը տարակուսանք հայտնեց, քանի որ վերջին մի շարք իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ:
«Մենք այդպես էլ լավ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ: Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ եւ մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»,- ընդգծեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին մի քանի անգամ ասել է, հիմա մանրամասնելու կարիք չի տեսնում: