24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին. Փաշինյան

Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Այդ մասին կառավարության մարտի 24-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի միջամտության հետևանքով Արցախը գազամատակարարումից զրկելուն:


Փաշինյանը հիշեցրել է` արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից, որը տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում: «Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում», - ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանարոգումը եւ ի վերջո, ինքը նորոգեց:


Արդյունքում, հայկական կողմի տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական, եւ ահա մարտի 18-ին 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն արդեն մարտի 21-ին առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը:


Նա առանձնակի ուշադրություն է դարձրել այն փաստին, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում: «Մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում եւ օդի ջերմաստիօճանը աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման եւ ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր եւ ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին 1,5 մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 1 մետրի: Օդի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ -8 աստիճան»,- ասել է նա:


Ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից, նշել է նա` հավելելով, որ սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: «Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն իր այս գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի:


Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց 100-ավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում:


Ադրբեջանն արդեն 1,5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020-ի 44-օրյա պատերազմում: Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար», - ասել է նա: