Հայաստանը պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը օպտիմալացնում է և ներդնում է «մեկ պատուհանի սկզբունքը։ Այդ մասին մարտի 24-ին Կառավարության նիստի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ այս պահին հինգ մարմին է ներկայացված պետական սահմանում՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, Ոստիկանությունը և տրանսպորտային գործառույթի մասով նախատեսվել էր նաև տեսչական մարմնի ներկայությունը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա երկու մարմին՝ Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխմամբ կիրականացնեն սահմանային կետում վերահսկողությունը։ Մասնավորապես, մաքսային մարմինը կիրականացնի մաքսային գործառույթները և ՍԱՏՄ-ի մասով փաստաթղթային հսկողությունը, ՍԱՏՄ-ի կողմից այլ անհրաժեշտ հսկողությունները կիրականցվեն արդեն ՀՀ պետական սահմանից ներս։ Բնականաբար, մյուս մարմինների գործառույթները կբաշխվեն մաքսային մարմնի և ԱԱԾ սահմանապահ զորքերի միջև»,- ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախագծի փաթեթի նպատակն է, որպեսզի մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը հանձնի մեկ պետական մարմնի և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետը անցնելիս դիմել տարբեր պատուհաններին, նույն փաստաթղթերի փաթեթով իրականացվի կրկնակի հսկողություն կամ այնպիսի հսկողություն, որը փաստաթղթային մակարդակով կարող է իրականացվել մեկ մարմնի կողմից։
«Նշեմ, որ այսօր օրակարգում ընդունեցինք չզեկուցվող երկու հարց, որոնք վերաբերվում էին նախնական հայտարարագրման դեպքում մաքսատուրքի հետաձգմանը և ավտոմատացված բացթողնմանը։ Թե զեկուցվող, թե չզեկուցվող նախագծերի ընդունման նպատակը հետևյալն է, որպեսզի սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում»,- ընդգծեց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նաև ներկայացրեց, թե նախքան հայտարարագրման համակարգի գործարկումը ինչ իրավիճակ էր և ինչ իրավիճակ է հիմա։
«Սահմանային կետ հասնելուն պես տնտեսվարողը սահմանային կետը հատում էր մի քանի ժամերի ընթացքում, որից հետո տարանցման հայտարարագրով հասնում էր տերմինալ և հետագա բոլոր գործառույթները իրականացնում էր տերմինալում։ Այսինքն՝ միջինում 2-3 օր տնտեսվարողը ծախսում էր ներմուծման գործընթացի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա։ Հիմա մենք ունենք 13 սուբյեկտ, ովքեր օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից և ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը։ Արդյունքում՝ 20 դեպքով արդեն գործընթացը տևում է 2-3 օրվա փոխարեն 2-3 ժամ։
Եվ ամենառեկորդային ժամաքանակը բացթողնման դեպքում կազմել է 32 րոպե։ Հիմա աշխատանք է տարվում այս համակարգը լայնորեն կիրառելու համար և, երբ Ազգային ժողովում ընդունվելուց հետո զեկուցվող հարցերի փաթեթը մտնի ուժի մեջ, կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3 ժամը կրկին կկրճատվի մի քանի անգամ։ Արդյունքում կունենանք ծախսերի խնայողություն տնտեսվարողների համար և ժամանակի խնայողություն։ Նշեմ, որ տերմինալներում, օրինակ՝ միջինում 25 հազարից մինչև 200 հազար դրամ կարող էին ծախսել 2-3 օրվա ընթացքում։ Իսկ հիմա 2-3 ժամվա ընթացքում սահմանային կետից ապրանքը բաց է թողնվում»,- եզրափակեց Բադասյանը։
Անդրադառնալով մաքսային ոլորտում բարեփոխմանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում հատկապես օրինապահ ներմուծողների ու արտահանողների համար սահմանին կան բազմաթիվ խոչընդոտներ, քաշքշուկներ, դժվարություններ, բարդություններ:
«Միաժամանակ, վերջին տարիներին էլ ականատես ենք լինում դեպքերի, երբ մաքսակետով բեռնատարներն անցնում են այնպես, ասես Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա: Այսինքն սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում, ինչի կապակցությամբ մի քանի քրգործեր ունենք հարուցված: Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի օրինապահ արտահանողների ու ներմուծողների համար հնարավորինս թեթեւացնենք ընթացակարգերը: Շատ երկար քննարկումների արդյունքում կայացվել են կարեւոր որոշումներ», - ասել է Փաշինյանը, որի խոսքը մեջբերում է news.am-ը:
Նրա խոսքով, այդ որոշումների արդյունքում մաքսային կետերը բեռնաթափվում են հավելյալ արգելափակոցներից, մյուս կողմից ընթացակարգերը պետք է պարզեցնենք: «Մյուս կողմից, արդեն որոշումը կայացրել ենք, որ պետք է ռեյտինգավորենք արտահանողներին ու ներմուծողներին՝ իրեն հարկային վարքագծի համաձայն: Եթե տեսնում ենք՝ ընկերությունը պարտաճանաչ է, իրենց համար կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել, գան վայրկյանների ընթացքում անցնել», - ասաց Փաշինյանը: