Ադրբեջանը, ցավոք, ընդլայնել է Արցախի վրա ճնշման իր զինանոցը. Տիգրան Աբրահամյան
Արցախում ստեղծված իրավիճակը ոչ միայն հումանիտար աղետ է, այլ նաև անվտանգության աղետ։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանը նշեց, որ գազամատակարարման ընդհատումների ֆոնին խնդիրներ են առաջացել ոչ միայն արդյունաբերության ճյուղերի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, այլեւ տրանսպորտի, հիվանդանոցների, մանկապարտեզների, դպրոցների աշխատանքի հետ կապված։ «Շատերին թվում է, թե գազամատակարարման կարևորությունը կապված է միայն ջեռուցման սեզոնի հետ, բայց դա այդպես չէ։ Գազամատակարարման խնդիրն ուղղակի և անուղղակի բերում է շատ լուրջ հետևանքների մեր հայրենակիցների համար»,- ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ Արցախում իրավիճակը, ցավոք, վատթարացման միտում է ցուցաբերում։
Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազամատակարարումը վերականգնելու համար, դա ոչ մի երաշխիք չի տալիս, որ ապագայում նոր ճգնաժամային իրավիճակներ չեն ստեղծվի։ «Ադրբեջանը, ցավոք, ընդլայնել է Արցախի վրա ճնշման իր զինանոցը։ Եվ այս փուլում երկարաժամկետ լուծումներ տեսանելի չեն»,- ասաց նա։
Պատգամավորը շեշտեց, որ այս դեպքում խնդիրը միայն գազատարի մեջ չէ, իրականում խնդիրը շատ ավելի բարդ ու լայն է։ «Բնականաբար, այս մասշտաբի խնդիրները չեն կարող լուծվել մի քանի օրում, բայց Հայաստանի կառավարությունը պետք է համալիր ծրագրեր մշակի՝ հաշվի առնելով Արցախի անվտանգության խնդիրները։ Լուծումների բացակայությունը, խնդիրների կուտակումն ի վերջո բերելու է կա՛մ Արցախի մեծ մասի հայության լայնածավալ արտագաղթի, կա՛մ նոր պատերազմի»,- վստահ է նա։