Հայաստանի կառավարության որոշմամբ մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրությամբ զբաղվող «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնուն` Ստեփան Ավանեսյանին, ազատվել է ներմուծման մաքսատուրքից։
Համաձայն մարտի 25-ի կառավարության որոշման`«ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն Երևանում և Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 500 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և հումքի ձեռքբերման համար։ Կստեղծվի 27 նոր աշխատատեղ` մինչև 171,000 դրամ միջին աշխատավարձով։
2017 թ.-ից գործող ընկերությունը ստեղծել է 7 հայկական պրեմիում բրենդեր․ Wild Hive սերտիֆիկացված 100% օրգանական մեղր, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմեր և մուրաբաներ, Riceman բասմատի, Rubin նռան գինի», - ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Ընկերությունը, ինչպես պարզել է ՍիվիլՆեթը, հիմնել է Ստեփան Ավանեսյանը 2017-ին։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ սկզբից նա եղել է ընկերության միակ բաժնետեր, հետագայում, սակայն, իր ունեցած 100 տոկոս բաժնեմասի 33,3 տոկոսը փոխանցել է Նիկոլայ Մխիթարյանին ու Մանե Բուդաղյանին։ Ներկայում Ավանեսյանը պահպանում է ընկերության 33,4 տոկոս բաժնեմասը։
Ստեփան Ավանեսյանը նաև դեղ ներմուծող «Արֆարմացիա» ընկերության տնօրենն է եղել։ Այս ընկերության բաժնետերերից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։