Թրամփը «ռուսական պեշկա» չէ. BloombergView
Մինչ ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնումը՝ մեզ նախազգուշացնում էին, որ նա ռուսական «պեշկա» է, ֆաշիստ, կվերացնի արձանագրությունները և ավանդույթները, առանց որոնց անհնար է ղեկավարել պետություն՝ գրում է Էլի Լեյքը BloombergView պարբերականում:Հեղինակի կարծիքով՝ այժմ, երբ ավարտվում է Թրամփի նախագահության առաջին 100 օրը, ակնհայտ է՝ Թրամփը «սիբիրյան թեկնածու» չէ, ոչ էլ Մուսոլինիի «երկվորյակը»: Հոդվածագիրը նշում է, որ Թրամփն այժմ ավելի կոշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ, քան նախընտրական քարոզարշավին կամ նախագահության առաջին շաբաթներին:Ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնում» տեղի չունեցավ, կարելի է վստահ արձանագրել, որ Թրամփն ավելի սիրալիր է Չինաստանի հետ, որն ավանդաբար Ռուսաստանի մրցակիցն է Ասիայում: Նա հրաժարվեց «միասնական Չինաստան» քաղաքականությունը վերանայելու իր սպառնալիքներից, որն ԱՄՆ-ին պարտավորեցնում է չճանաչել Թայվանի անկախությունը: Թրամփը գոհ է նաև Հյուսիսային Կորեայի դեմ պայքարում Չինաստանի հետ համագործակցությունից:Իսկ ահա Ռուսաստանի հետ Թրամփն այժմ վարվում է այնպես, ինչպես խոստացել էր վարվել Չինաստանի հետ՝ ասվում է հոդվածում: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմը աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Չեռնոգորիայի որոշմանը, մերժել է Exxon-Mobil ընկերությանը, որը խնդրել էր իր համար բացառություն անել հակառուսական պատժամիջոցներում: Իսկ սիրիական ավիաբազային հասցված ավիահարվածը «հարված էր Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միակ իրական հաճախորդին». Թրամփի այդ քայլը անհարմար դրության մեջ դրեց Մոսկվային և ավելի վատթարացրեց հարաբերությունները: Ներկա պահին և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը պնդում են, որ երկու երկրների հարաբերությունները վատթարացել են՝ ինչպես երբեք պատմության ընթացքում:Անդրադառնալով Թրամփի «ֆաշիստ» լինելու վարկածին՝ Լեյքը խոստովանում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հիմք է տվել նման կարծիքի համար: Նա նաև ձգտում է դեպի Թուրքիայի և Եգիպտոսի ուժեղ կառավարիչներին մոտ լինել, մասամբ աջակցում է նաև Մարին Լե Պենին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:«Բայց իրական ֆաշիստները շատ ավելի լավ են կարողանում կոնսոլիդացնել իշխանությունը, այս առումով Թրամփը Հուլիոս Կեսարը չէ»,- գրում է հոդվածագիրը և հիշեցնում, որ դատավորները վիճարկել են Թրամփի ներգաղթի արգելքը, բացի այդ՝ ձախողվել է Օբամայի կողմից սահմանված բժշկական ապահովագրությունը չեղարկելու առաջին փորձը: