24.11.2024
ՌԴ հայերի միությունը ոստիկանություն է դիմելու Մոսկվայում ադրբեջանցիների սադրանքի համար
prev Նախորդ նորություն

NI. ԱՄՆ-ում Լավրովի հանդիպումները կարևոր են Ուկրաինայի ու ԼՂ իրավիճակների համատեքստում

Վաշինգտոնում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումները ոչ թե լավ վարքագծի համար Մոսկվային ընձեռված առատաձեռն պարգեւատրություն էր, այլ անհրաժեշտություն՝ Մերձավոր Արեւելքի, Կորեական թերակղզի ճգնաժամերի, նաեւ Ուկրաինայի արեւելքում ու Լեռնային Ղարաբաղում վերջերս գրանցված բռնությունների բռնկումների համատեքստում, գրում է «National Interest»-ի գլխավոր խմբագիր Նիկոլաս Գվոզդեւը։

Նրա խոսքով հանդիպման պատճառի վրա կենտրոնանալու փոխարեն՝ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթը քննարկում է երկու փաստ՝ 1). Թրամփը Կրեմլի խամաճիկն է, 2). Ռուսաստանին պարգեւատրել են՝ արտգործնախարարին Թրամփի հետ հանդիպելու հնարավորություն տրամադրելով։

Հեղինակը շեշտում է, որ վերջին մի քանի շաբաթներին Պուտինը մի քանի կարեւոր հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Բացի դրանից Ռուսաստանի ղեկավարությամբ առաջ է մղվել Սիրիայում դեէսկալացիայի գոտիներ ստեղծելու ծրագիրը։ Միաժամանակ Հարավային Կորեայում նոր նախագահ է ընտրվել ու հնարավոր է Սեուլը կդիմի Մոսկվային ՝  խնդրելով օգնել հյուսիսի հետ երկխոսության հարցում։


«Իրավիճակը Ուկրաինայում ծայրահեղ անկայուն է մնում, նաեւ կա Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների միջեւ հակամարտության եւս մեկ էսկալացիայի հեռանկար»,- գրում է վերլուծաբանը։

Նրա խոսքով Լավրովը Վաշինգտոն է բերել այն նույն ուղերձը, որը փոխանցվել էր Ռեքս Թիլերսոնին Մոսկվայում՝ բոլոր հակամարտություններում ու ճգնաժամերում, որոնցում ներառված է Ռուսաստանը, Կրեմլը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց գերազանցությունը ԱՄՆ-ին զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այսպիսով, Ռուսաստանի հետ համագործակցության ցանկացած հույսի հիմքում լինելու է փոխզիջման գնալու՝ ԱՄՆ-ի պատրաստակամությոնը։ Սակայն, ըստ հոդվածագրի, Վաշինգտոնում տիրող այսօրվա մթնոլորտում շատ բարդ է ռուս- ամերիկյան հարաբերությունները նորմալ տրամաբանությամբ քննարկելը, երբ մամուլը համատարած ձգտում է Լավրովի այցելությունը կապակցել ՀԴԲ-ի տնօրենին աշխատանքից հեռացնելու հետ։

Նիկոլադ Գվոզդեւը հարց է տալիս՝ ի՞նչ կասի Լավրովը Պուտինին։ Արդյոք նա կառաջարկի Թրամփին մի քիչ էլ ժամանակ տալ, թե կհանգի այն եզրակացության, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումն անհնար է ու Ռուսաստանը պետք է առաջ տանի իր քաղաքականությունը Մերձավոր արեւելքում, Արեւելյան Եվրոպայում ու արեւելքում՝ ստեղծելով արեւմուտքի հետ ավելի մեծ առճակատման հավանականություն։

Լավրովի այցելությունը Վաշինգտոնում նույնպես պետք է պետական գործիչներին ու կուսակցությունների սթափ դատող առաջնորդներին ստիպի մտածել՝ արդյոք հարաբերությունների վատացումը ԱՄՆ-ի շահերից է բխում։ Օվալաձեւ կաբինետոմ Հենրի Քիսինջերի ներկայությունը խոսում է այն մասին, որ հիմա որոշակի ջանքեր են գործադրվում, որպեսզի իսթեբլիշմենթի ուշադրության կենտրոնում պահեն ընդհանուր պատկերը, այլ ոչ թե կատակերգական լրատվական հաղորդումների ցուցադրական շոուները։


«Վերջին հաշվով, Թրամփի աշխատակազմը պետք է կողմնորոշվի՝ արժե արդյոք քննարկել Լավրովի բարձրացրած հարցերը։ Ոչ ոք չպետք է նվազագույնի հասցնի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի իրական հակասությունները մի շարք հարցերում։ Հնարավոր է, Մոսկվայի առաջարկները ԱՄՆ-ի շահերը չեն առաջ տանում, բայց մենք պետք է շարունակենք բանակցել Ռուսաստանի հետ, որպեսզի կողմնորոշվենք, կարող ենք արդյոք ընդհանուր լեզու գտնել։ Եթե մենք անտեսենք Ռուսաստանի առաջարկածը, ապա ես ուզում եմ, որ այդ մերժման հիմքում լինի ամերիկյան շահերի սթափ գնահատականը»,- ամփոփում է հեղինակը։