24.11.2024
«Էրդողանը Հնդկաստանում է՝ Ցեղասպանության մեղքը խղճին». The New Indian Express
01.05.2017
«Էրդողանը Հնդկաստանում է՝ Ցեղասպանության մեղքը խղճին». The New Indian Express

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մայիսի 1-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում պետք է ընդունի վարչապետ Նարենդրա Մոդին: Ենթադրվում է, որ երկու ղեկավարները կքննարկեն քաղաքական և տնտեսական համագործակցությանն, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր: Մինչդեռ, ինչպես The New Indian Express պարբերականի մեկնաբան Ռիտու Շարմանն է նշում, «Էրդողանը Հնդկաստան է մեկնում՝ Ցեղասպանության մեղքը խղճին»: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում է Ազատությունը: Վերլուծաբանները հիշեցնում են, որ ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Սա ողբերգություն է, աննկարագրելի տառապանք, որը մարդիկ մարդկանց են պատճառել», - ասել է Հնդկաստանի փոխնախագահը: Հնդիկները հրաշալի գիտակցում են, որ այդպես գործնականում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ զայրացնում են թուրքերին, ովքեր կտրականապես մերժում են հայերին կոտորելու փաստը: Նյու Դելիի քաղաքական շրջանակներում ենթադրում են, որ դա Անկարային հասցեագրված անուղղակի, բայց ցավոտ ուղերձ է, Հնդկաստանին զայրացնում է Քաշմիրի տարածքի շուրջ խճճված վեճում Պակիստանին սատարելու Թուրքիայի դիրքորոշումը: Նյու Դելիում մտադիր են Էրդողանին դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ թուրքական կողմը ֆինանսական միջոցներ և մասնագետներ է տրամադրել Պակիստանի կողմից հսկվող Քաշմիրի ենթակառուցվածքների զարգացման համար: Դիվանագիտական հաջորդ հարվածը՝ Էրդողանի այցից ժամեր առաջ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին Նյու Դելիում ընդունելն է: Նարենդրա Մոդին հստակ ասել է, որ Հնդկաստանը սատարում է Կիպրոսի ինքնիշխանությանը: Նշենք նաև, որ մայիսի 3-ին Էրդողանը կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: