14.08.2026
Ժամանակակից աշխարհում շուկա գտնելը չափազանց բարդ խնդիր է. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի տրամադրման պայմանները կփոխվեն

Հայաստանում առաջիկայում կփոխվեն կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման պայմաններն ու արժեքները։ Այս մասին հայտնել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։


Նրա խոսքով՝ մինչև 2024 թվականի սկիզբը տրամադրված կենսաչափական անձնագրերի արժեքը 25 հազար դրամ էր, մինչդեռ նոր կենսաչափական փաստաթղթի արժեքը կկազմի 28 հազար 650 դրամ։ Նոր նույնականացման քարտը կարժենա 5 հազար 950 դրամ։


Դավթյանի խոսքով՝ նոր կենսաչափական անձնագիրն իր անվտանգության բաղադրիչներով լիովին մրցունակ է միջազգային մակարդակում և համապատասխանում է Եվրոպական միության ներկայում գործող ամենաբարձր չափանիշներին։ Անձնագիրը կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի ժամկետով։


Նոր կարգավորումներով նույնականացման քարտ կկարողանան ստանալ նաև 16 տարեկանից փոքր անչափահասները՝ ծնողի համաձայնությամբ։ Միաժամանակ նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 16 տարեկանից նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի։ Դավթյանի խոսքով՝ օրենքը նախատեսվում է ուժի մեջ մտցնել մինչև նոյեմբերի 1-ը։


Նոր անձնագիրը կտրամադրվի նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին։ Այսինքն՝ նույնականացման քարտի առկայությունը կդառնա անձնագիր ստանալու նախապայման։


Միաժամանակ քաղաքացիների համար հին նմուշի փաստաթղթերը պարտադիր կերպով անմիջապես փոխելու պահանջ չի սահմանվի։ Անձը հնարավորություն կունենա իր ցանկությամբ դիմել նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար՝ անկախ գործող փաստաթղթի վավերականության ժամկետից։ Նույնիսկ եթե քաղաքացին վերջերս է ստացել 10 տարի գործող հին նմուշի անձնագիր, նա կարող է այն ցանկության դեպքում անմիջապես փոխարինել նորով։


Եթե քաղաքացին որոշի առաջիկա տարիներին շարունակել օգտագործել հին նմուշի փաստաթուղթը, դրա համար որևէ խնդիր չի առաջանա։ Սակայն աշնանից պետությունն այլևս չի տպագրի նախկին նմուշի փաստաթղթեր։


Հետևաբար, եթե հին անձնագիրը կորցվի, վնասվի կամ քաղաքացին որևէ այլ պատճառով նոր փաստաթուղթ ստանալու անհրաժեշտություն ունենա, նրան արդեն կտրամադրվի նոր նմուշի կենսաչափական փաստաթուղթ։