24.11.2024
Թրամփի փեսան առաջարկել է ՌԴ դեսպանին Մոսկվայի հետ գաղտնի կա՞պ ստեղծել
prev Նախորդ նորություն

Թոմ Քաթինան՝ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր (լուսանկարներ, տեսանյութ)

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացնում կաթոլիկ անվանի միսիոներ բժշկին՝ մարդկայնության նկատմամբ հավատը վերականգնելու համար:


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Ընտրող հանձնաժողովի որոշումը հրապարակեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիրը Թոմ Քաթինան է:


Թոմ Քաթինան ստանալու է 100,000 դոլարի պարգեւը


Ինչպես հայտնում է Auroraprize.am-ը, «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգեւը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է։ Նա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ընտրվել 66 երկրներից ստացված ավելի քան 550 առաջադրումներից։ «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Օսկարակիր դերասան, The Sentry եւ Not On Our Watch նախաձեռնությունների համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահող Ջորջ Քլունին, խոսելով բժիշկ Քաթինայի մասին, ասել է. «Քանի դեռ բռնություններն ու պատերազմները սպառնալիք են մնում մարդկային ոգուն ու տոկությանը, կարեւոր է աջակցել, ճանաչման արժանացնել ու մեծարել բժիշկ Քաթինայի պես մարդկանց, որոնք անձնազոհության գնով օգնում են ուրիշներին ոչ միայն պահպանել իրենց գոյությունը, այլեւ հասնել բարօրության։ Թոմ Քաթինան բոլորիս համար իր ամենօրյա աշխատանքով իրական փոփոխություն բերող մարդու օրինակ է»։

Թոմ Քաթինան ստանալու է 100,000 դոլարի պարգեւը եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին։ Բժիշկ Քաթինան մրցանակը փոխանցելու է հետեւյալ երեք կազմակերպություններին՝

• Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
• Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ
• Aktion Canchanabury, Գերմանիա

Վերջին ինը տարիներին «Գթության Մայր» հիվանդանոցում Թոմ Քաթինան, ում տեղացիները բժիշկ Թոմ են ասում, հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 750,000 բնակիչների համար՝ Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային ազատագրական շարժման միջեւ տեւական քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Օգնություն ստանալու համար մարդիկ երբեմն մի ամբողջ շաբաթ քայլում են եւ սովորաբար հիվանդանոց են այցելում ռմբակոծություններից ստացած վնասվածքներով եւ բազում այլ հիվանդություններով՝ ոսկորների կոտրվածքներից մինչեւ մալարիա ու թերսնում։ Ընդհանուր առմամբ՝ բժիշկ Քաթինան խնամում է օրական 500 հիվանդի եւ տարեկան ավելի քան հազար վիրահատություն է իրականացնում։

Դառնալով 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Թոմ Քաթինան ասաց. «Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի եւ եղբայրների համար: Յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի: Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա: Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին եւ դարձնել այն ավելի լավը»:

«Թոմ Քաթինան ներշնչանքի աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր երբեւէ կասկածի են առել մարդկայնության գոյությունը։ Չնայած անարդարությանն ու զոհողությանը՝ նա իր կյանքը նվիրել է հաջորդ սերնդի համար պայծառ ապագա երաշխավորելու գործին»,– ասաց Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։ «Այլոց մատուցած նրա ծառայությունը ոգեշնչող է, եւ մենք հուսով ենք, որ նրա շնորհիվ փրկածները կշարունակեն երախտգիտության շղթան՝ իրենց հերթին դառնալով փրկիչներ»։




2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցում էին հումանիտար ոլորտի առաջատար ներկայացուցիչներ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին, Էռենստո Սեդիլյոն եւ Վարդան Գրեգորյանը։

Թոմ Քաթինային շնորհավորեց Մարգարիտ Բարանկիցեն, ով Բուրունդիի «Մեզոն Շալոմ» մանկատան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է դարձել երեխաների հույսի եւ արժանապատվության վերականգնման գործին բացառիկ նվիրվածության համար: Մարգարիտն ասաց. «Ավրորա մրցանակն անչափ կարեւոր դեր ունի աշխարհով մեկ մարդկանց հուսադրելու գործում, եւ ես հպարտ եմ, որ ինձ է միացել այնպիսի համեստ ու ոգեշնչող անհատ, ինչպիսին Թոմ Քաթինան է։ Ես խոնարհվում եմ բոլորին սեր տալու նրա անձնազոհ ջանքերի առջեւ եւ ի սրտե շնորհավորում նրան այս պատվավոր մրցանակը ստանալու առթիվ»։

«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության հյուրերը մեծարման արժանացրին նաեւ այս տարվա մյուս չորս հավակնորդների բացառիկ ներդրումը։ 2017 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն էին «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը (Սոմալի), «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), Սիրիայի Մադայա քաղաքի դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Փանզի հիվանդանոցի հիմնադիր, վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն։

«Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակի ոգու մարմնավորումն է, եւ մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրան եւ այն բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք աջակցում են նրան՝ ոգեշնչելով շարունակելու իր անձնվեր աշխատանքը՝ չնայած աներեւակայելի ծանր պայմանների»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Մեզ համար պատիվ է աշխարհին պատմել նրա պատմությունը եւ լույս սփռել աշխարհում գոյություն ունեցող բարի կամքի վրա, որպեսզի այլոց օգնելը դառնա համաշխարհային մշակույթի մի մաս»։




2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարելուն նախորդել է «Ավրորա» մարդասիրության ցուցիչի՝ հանրային կարծիքի ամենամյա համաշխարհային հետազոտության երկրորդ տարվա արդյունքների հրապարակումը։ Հետազոտությունը անդրադարձել է մարդասիրական պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքին, մարդասիրական միջամտության արդյունավետությանը եւ անհատների՝ այլոց համար գործելու դրդապատճաների վերհանմանը։ Հետազոտությունը պարզել է, որ մարդասիրական քայլերի նկատմամբ աջակցության մակարդակն աշխարհում կտրուկ անկում է ապրում, իսկ պոպուլիզմի աճը բացասաբար է ազդում փախստականներին աջակցելու ջանքերի շուրջ հանրային ընկալման վրա։

«Հուսով ենք, որ այս տարվա հետազոտության արդյունքները կնպաստեն, որ մարդիկ ոչ միայն գիտակցեն արդյունավետ ազդեցություն ունենալու գործում իրենց կարողությունները, այլեւ ոգեշնչվեն՝ այդ ուղղությամբ գործելու»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ «Մեր նախաձեռնության միջոցով՝ մենք բոլորին, ովքեր ոգեշնչվել են Թոմ Քաթինայի անձնվեր գործից, քաջալերում ենք սեփական հետքը թողնել աշխարհում՝ ընդլայնելով փրկիչների եւ, ամենակարեւորը, փրկվածների շրջանակը։ Մարդկայնության հանդեպ հույսը վերականգնել կարող ենք բոլորս»։