Հրապարակվել են 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցչի նոր միջազգային հետազոտության արդյունքները: Ըստ հետազոտության՝ հումանիտար գործունեությունն անկման փուլում է, եւ փախստականների ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է լայն անվստահություն:
Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր՝ այս տարի հարցվածների 63 տոկոսի կողմից: Դրան հետեւում են հարուստների եւ աղքատների միջեւ խորացող անջրպետը, սովը, կլիմայական փոփոխությունները եւ պարտադրված միգրացիան:
Ամենամյա հանրային կարծիքի ուսումնասիրությունը չափում է մարդասիրական խնդիրների հանդեպ վերաբերմունքը ողջ աշխարհում, հումանիտար միջամտության արդյունավետությունը, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։ 2017թ. ինդեքսի դրական կողմն այն է, որ երիտասարդությունը, ի տարբերություն ավագ սերնդի, առավել բաց է ընդունում եւ աջակցում փախստականներին՝ ցանկություն հայտնելով ներգրավվել հումանիտար գործունեության մեջ:
«Մարդասիրական գործունեության հանդեպ անտարբերությունն այսօր ավելի էական է դարձնում բոլոր ոլորտներում ներգրավման անհրաժեշտությունը,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- այնուամենայնիվ, այս բացասական երեւույթին հակակշռում է հումանիտար գործունեության եւ փախստականների ճգնաժամում անհատական ազդեցություն ունենալու՝ երիտասարդների դրական վերաբերմունքը: Բոլորս պետք է կրթենք եւ ոգեշնչենք երիտասարդներին ողջ աշխարհում, որպեսզի նրանք ոչ միայն հասկանան արդյունավետ ազդեցության կարողությունը, այլեւ ոգեշնչվեն ու գործեն»:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի հիմնական արդյունքներն են.
Հումանիտար գործունեության մեջ սեփական ուժերով ազդեցություն ունենալու հանդեպ վստահությունը ցածր է:
Հարցվածների միայն 9 տոկոսն է կարծում, որ կարող է փոփոխություններ բերել հումանիտար խնդիրների լուծման հարցում:
Չնայած, որ հարցվածների 56 տոկոսը ցավում է Սիրիայից փախստականների վերապրած դժվարությունների համար, 51 տոկոսը կարծում է, որ չի կարող արդյունավետ ազդեցություն ունենալ այդ հարցում:
Հումանիտար գործունեության նկատմամբ աջակցությունն անկում է ապրում:
Թեեւ հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, միայն 37 տոկոսն է պատրաստ սեփական երկրում հյուրընկալել փախստականներին:
Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ փախստականներ են ընդունել:
12 երկրներից հարցվածները նշել են Գերմանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը՝ որպես ամենաշատ փախստականներ ընդունող երկրներ: Իրականում, ամբողջ աշխարհում ամենաշատ թվով փախստականների ընդունել են Պակիստանը, Իրանը եւ Թուրքիան:
Մեկուսացումն ու ազգայնականությունը քաղաքականության սահմաններից վեր են
Հարցվածների 34 տոկոսը համաձայն է, որ ներգաղթյալներն իրենց երկրները դարձնում են ավելի լավ վայրեր՝ չնայած, որ նրանց մեկ երրորդը կարծում է, որ միգրանտները սպառնալիք են իրենց կրոնական համոզմունքների հանդեպ:
Հարցվածների 44 տոկոս մտածում է, որ իրենց երկրների համար ազգային փոքրամասնությունները սպառնալիք են: Այս ցուցանիշը աճում է հատկապես Մեծ Բրիտանիայում (56 տոկոս), Քենիայում (56 տոկոս), Թուրքիայում (55 տոկոս) եւ Ֆրանսիայում (54 տոկոս):
Կոմպետենտ առաջնորդության ճգնաժամ.
Հարցվածների 32 տոկոսը չի կարողացել նշել որեւէ առաջնորդի, որն ի վիճակի է կարգավորել փախստականների ճգնաժամը: Ըստ հարցվողների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (33) եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (31 տոկոս) առավել լավ դիրքում են այսօրվա փախստականների ճգնաժամին լուծումներ տալու համար, ինչը կտրուկ զիջում է 2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքներին, որի համաձայն՝ հարցվածների 46 տոկոսը մտածում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ հարցը կարգավորելու համար ամենաունակ համաշխարհային առաջնորդն էր: Չնայած իրենց խիստ տարբերվող հայացքներին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հավասար են ընկալվում՝ որպես փախստականների ճգնաժամը կարգավորելու համար ունակ առաջնորդներ (յուրաքանչյուրը 15-ական տոկոս):
Ուսումնասիրված յուրաքանչյուր ոլորտում 2017թ. ավելի քիչ գործունեություն է ծավալվում Սիրիայից փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, քան 2016 թվականին, ինչպես ցույց էր տվել նախորդ տարվա «Ավրորա» մարդասիրության ցուցիչը: 2016 թվականից ի վեր գործունեության տեսանկյունից ամենաշատ անկումը գրանցել են մեդիան, միջազգային հանրությունը, հարցվածների կառավարություններն ու զարգացած երկրները: Եվրոպական միությունն ու ՄԱԿ-ն ընկալվում են որպես ամենաունակ կառույցները այս ճգնաժամի կարգավորման հարցում, սակայն 2016 թվականի համեմատ, ընդհանուր առմամբ, միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունն անկում է ապրում:
Հույսը հումանիտար գործիչների հաջորդ սերնդի վրա է.
Ընդհանուր առմամբ, երիտասարդներն ավելի դրական են տրամադրված եւ վստահ են ազդեցություն գործելու իրենց կարողության վրա. 18-ից 34 տարեկանների շրջանում հարցվածների 68 տոկոսը համաձայն է այն մտքին, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, իսկ 47 տոկոսը ցանկանում է օգնել Սիրիայից փախստականներին: Երիտասարդ հարցվածներն արժեւորում են բազմազանությունը. հարցվածների 29 տոկոսը համաձայն է, որ իրենց երկիրն ավելի լավը կդառնար, եթե բոլորի ավանդույթներն ու սովորույթները հավասարապես ընկալվեին: 18-ից 34 տարեկան հարցվածներն ամենահավանականն է, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում գործունեություն կծավալեն փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:
Համաշխարհային հարցումն իրականացվել է հետազոտական գործընկեր Kantar Public ընկերության կողմից, իսկ մեկնաբանությունները կատարել է ակադեմիական գործընկեր Բրյուսելի ազատ համալսարանը: Այն իրականացվել է 2017թ. փետրվարի 21-ից մարտի 19-ը: Հարցազրույցներին մասնակցել են 6466 մարդ՝ 12 երկրում, որոնցից 6-ն ընդգրկված են եղել նաեւ 2016թ. ցուցիչի հետազոտությանը:
Այս տարվա «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը մղում են շարունակելու իր առաքելությունն եւ աջակցելու այն մարդկանց, որոնք կյանք ու հույս են պարգեւում կարիքավորներին, ոգեշնչում են, որ փրկվածներն իրենք դառնան փրկողներ եւ կրկին հույս են տալիս մարդկությանը: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից յուրաքանչյուրը հրաշալի օրինակ է այն խորը եւ արդյունավետ ազդեցության, որ անհատը կարող է ունենալ ողջ աշխարհի վրա»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
2017թ-ի «Ավրորա» մարդասիրության ցուցիչը կներկայացվի մայիսի 28-ին Երեւանում՝ Aurora Dialogues քննարկումների ընթացքում: Այն կարեւորագույն հումանիտար հիմնախնդիրների շուրջ համաշխարհային մարդասիրական համայնքի, բիզնեսի, բարեգործության ասպարեզի եւ զանգվածային լրատվական միջոցների առաջատար փորձագետների միջեւ քննարկումների միջազգային հարթակ է։ Միջոցառումները կամփոփվեն 2017թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի արարողությամբ, որը մեծարման է արժանացնում մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք ունենում են մարդային կյանքի պահպանման ու հումանիտար խնդիրների առաջ մղման գործում: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Գարեթ Էվանսի, Հինա Ջիլանիի եւ Մերի Ռոբինսոնի, Kantar Public-ի մեթոդաբանության գծով տնօրեն Հայկ Գյուզալյանի, Կահիրեի ամերիկյան համալսարանի գլոբալ խնդիրների ու միգրացիոն եւ փախստականների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Իբրահիմ Ավադի եւ RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաշա Չանոֆի մասնակցությամբ քննարկումը ուղիղ միացմամբ կհեռարձակվի www.auroraprize.com կայքում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը: Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):