23.11.2024
Շարունակիր երգել Շառլ. այսօր լրացավ Շառլ Ազնավուրի 93-ամյակը
prev Նախորդ նորություն

Հայաստանի տնտեսությունը. ինչպե՞ս կրճատել ստվերը և չհարվածել տնտեսական ակտիվությանը

Հայաստանի 2017 թ-ի առաջին եռամսյակի պաշտոնական ցուցանիշները վկայում են, որ հարկերի վճարման աճ գոյություն ունի, որ, ըստ նույն, ցուցանիշների, հիմնականում պայմանավորված է խոշոր տնտեսվարողների մոտ «ստվերի» կրճատմամբ:


Ըստ ՊԵԿ հաշվետվությունների՝ խոշոր հարկատուների մոտ ստվերը կազմում է 33,2 տոկոս, իսկ համաձայն փորձագիտական տվյալների, ստվերային տնտեսությունը Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսը:


«Հարկերի աճը պայմանավորված է խոշոր հարկատուների ստվերի կրճատմամբ: Հարկայինը բարձր նշաձող է սահմանել: Այս տարվա կանխատեսումներով՝ այնպես է ստացվել, որ հարկայինը, մուտքերը գերակատարելով, շեմը բարձրացրել է, և կառավարությունն այս տարվա համար 50 միլիարդ դրամ ավելի գումար է պահանջելու հավաքել», - «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, b4b.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ հարկերի հավաքման անշեղ աճը կարող է նաեւ տնտեսական ակտիվության վրա ազդի:


Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյան


«Եթե գումար է հանվում թեկուզ ստվերային տնտեսությունից, իսկ մյուս կողմից նոր ներդրումներ չեն կատարվում Հայաստանում, ապա դա կարող է ազդել տնտեսական ակտիվության վրա»,- ասաց նա:


Վերջերս ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ներկայացնելով ասուլիսի ժամանակ իր պաշտոնավարման յոթ ամիսների աշխատանքը, հայտարարեց, որ յուրաքանչյուր ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է ֆիքսվել: «Վերջին 7 ամիսների ընթացքում, այն է՝ 2016թ.-ի հոկտեմբերից մինչև 2017թ.-ի ապրիլը Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653.8 միլիարդ դրամ հարկային եկամուտներ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն այսպիսով աճել են 46.1 միլիարդ դրամով կամ 7.6 տոկոսով», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հարությունյանը:


ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան


Նա տվյալներ ներկայացրեց ՀՀ տնտեսության «ակուլաների» շրջանում ստվերի մասին՝ տոկոսներով: «2016թ.-ի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս: Հիմա ստվերը նվազել է, մասնավորապես՝ մարտին այն կազմել է 33.2 տոկոս», - ասաց նա՝ հավելելով, որ ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով:


Ըստ Թունյանի, պետք է հասկանալ մեկ պարզ ճշմարտություն, հիմնականում տնտեսվարողներն աշխատում են ստվերում, քանի որ այդպես ավելի շաեհկան է: «Ուստի կարևոր է այն, որպեսզի հարկային բեռն այնքան բարձր չլինի, որ ձեռնտու լինի աշխատել ստվերի դաշտում: Գործարարը կամ քաղաքացին մնում է ստվերում, եթե ստվերի ծախսերն ավելի քիչ են, քան օրինական դաշտում աշխատելու ծախսերը: Եթե մարդ գտնում է, որ հարկային տեսուչին կաշառք տալն ավելի թեթև է, քան հարկային բեռը, միշտ կմնա ստվերում: Հարկային վճարներն այնքան պիտի լինեն, որ դրանք բեռ չդառնան գործարարի վրա: Կարևոր են նաև հավասար մրցակցային պայմանները», - ասաց տնտեսագետը:


Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, «Ստվերային տնտեսությունը Հայաստանում» գրքի հեղինակ Հրանտ Միքայելյանը ներկայացրեց իր նկատառումները Հայաստանում ստվերային տնտեսության ծավալների եւ այն հարկելու հետ կապված խնդիրներին: «Ստվերը» ՀՀ տնտեսությունում, նրա խոսքով, ըստ մարտի վերջի տվյալների՝ կազմում է 29.7 տոկոս: «Ըստ իմ հաշվարկի` ստվերային տնտեսությունը կրճատվեց 7 ոչ թե 14 տոկոսով, իսկ այդ 10.5 տոկոսի, որով հարկերն ավելի շատ հավաքվեցին, մոտ 7 տոկոսը վերաբերում է տնտեսական աճին, 1 տոկոսը գնաճին և մնացածն է միայն վերաբերվում հենց ստվերային տնտեսության հետ աշխատելուն ու դա հարկելու արդյունքներին», - ասաց բանախոսը:


Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյան


Բանախոսները կարեւորեցին համակարգային մոտեցումը, այն է՝ ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը զուգահեռ, անհրաժեշտ է բարելավել հավասար մրցակցային պայմանները և ներգրավել ներդրումներ: Հակառակ պարագայում, սա տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություններից խուսափել դժվար կլինի: Համենայն դեպս այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, իսկ կառավարությունն այս տարի նախատեսում է ներգրավել շուրջ 800 մլն դոլարի ներդրումներ:


Այս նպատակի իրագործման համար ստեղծվել է սփյուռքահայ խոշոր գործարարներից կազմված «Հայաստանի ներդրողների ակումբը», իսկ Ռուսաստանի Դաշնության հետ ստեղծվել է «Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ»:


Միեւնույն ժամանակ Հրանտ Միքայելյանը համոզված չէ, որ ներդրումներն աճել են այնքան, որքան նշում է կառավարությունը: Նրա խոսքով, կարևոր է, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը: «Բացի այդ արտաքին համատեքստն է կարևոր: Եթե ՌԴ-ն, որը եղել է բավականին խոշոր ներդրող ՀՀ տնտեսության մեջ, այսօրվա դրությամբ ոչ մի ներդրում չի կատարում, այստեղ կառավարության վարած քաղաքականությունը կապ չունի: Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա Վրաստանն արդեն ասոցացման պայմանագիր է ստորագրել, տրանսպորտային առումով ավելի մոտ է Եվրոպային և մեկ ֆուռայի տեղափոխման լոգիստիկ ծախսերը 10 տոկոսով էժան է Վրաստան տանել, քան Հայաստան: Պարզ է, որ բիզնեսի համար ավելի ձեռնտու է Վրաստանում աշխատելը»:


Հայաստանի տնտեսության համար, ըստ Բաբկեն Թունյանի, մտահոգիչ խնդիր է մնում, դոլարայնացվածության բարձր մակարդակը: Հենց սա է նաեւ պատճառը, որ պետք չէ մեծ հույսեր կապել Կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ: «Դրա համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ մեծ հույսեր կապել ու նշել, որ դրա արդյունքում տնտեսությունը կզարգանա, սխալ է: Բանկային վարկով բիզնես անելը, ներդրում անելն այսօր մեզանում տանում է դեպի կործանման, քանի որ մեզ մոտ վարկերի տոկոսները բարձր են: Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, որն այնժմ կազմում է 6 տոկոս, չի կարող ազդել դոլարային վարկերի վրա, որոնց ծավալը բավականին մեծ է», - ասաց նա:


Այժմ, ըստ բանախոսների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճին հիմնականում նպաստում են երկու հանգամանք: Առաջին՝ արտահանման ծավալների աճը, որն առաջին եռամսյակում կազմել է 16,5 տոկոս: Երկրորդ՝ վերջին երկու տարվա անընդմեջ անկումից հետո 2017 թ-ի առաջին եռամսյակում Հայաստան հոսող մասնավոր տրանսֆերտների 14 տոկոսով աճը, որը կազմել է 312.9 միլիոն դոլար: Միայն Ռուսաստանից, որը ՀՀ-ը հիմնական տրանսֆետային «դոնորն» է, մասնավոր դրամական փոխանցումների աճը 50.5 միլիոնից այդ ցուցանիշը հասել է մոտ 100 միլիոնի, այսինքն՝ միանգամից կրկնապատկվել է:


Մասնագետները հույս ունեն, որ եթե այս պահի դրությամբ ՀՀ-ում 6.6 տնտեսական աճ կա, ուստի եթե խոստացված ներդրումային ծրագրերի մեծ մասը իրողություն դառնա, ապա հնարավոր է կլինի 3.2 տոկոս նախանշված տնտեսական աճից բարձր ցուցանիշ ապահովել տարեվերջին:


Արշալույս Մղդեսյան