23.11.2024
Իրանում ընտրություններ են. Ֆավորիտը Ռոհանին է, բայց սուր պայքարից խուսափել չի լինի
prev Նախորդ նորություն

Շարունակիր երգել Շառլ. այսօր լրացավ Շառլ Ազնավուրի 93-ամյակը

Այսօր՝ մայիսի 22-ին, լրանում է հայազգի աշխարհահռչակ շանսոնյե, երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 93-ամյակը: 1924 թ,-ի հենց այս օրը Փարիզում, հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում։


Երեւանում եւս նախատեսված են միջոցառումներ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 93-րդ տարեդարձին: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր կայանալու է բացօթյա համերգ: Ծրագրում Ազնավուրի սիրված երգերը կհնչեն Արամոյի, Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Մուչյանի, Միքայել Ոսկանյան եւ ընկերներ խմբի, եւ այլ երաժիշտների կատարմամբ:


Երաժշտությամբ, թատրոնով եւ բեմով նա տարվել է մանուկ հասակում: 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Մանկական ու պատանեկան հաջողությունները հիմք են հանդիսացել, նրա առջեւ երաժշտության մեծ աշխարհ դռների բացման համար: Միեւնույն ժամանակ մեծ ազդեցություն է նրա վրա ունեցել ֆրանսիացի հայտնի երգչուհի Էդիթ Պիաֆը, ում շատ ջերմորեն է հիշում Շառլ Ազնավուրը:


Ազնավուրը համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ.-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Նա գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» եւ երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաեւ Երեւանում:


Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել եւ լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաեւ օպերետային երաժշտություն:


Մինչեւ այժմ էլ նա, չնայած պատկառելի տարիքին, շարունակում է համերգներով հանդես գալ աշխարհի տարբեր բեմերում: Իր 93-ամյակից մեկ ամիս առաջ Շարլ Ազնավուրը դուրս եկավ Կրեմլի մեծ համերգասրահի բեմ եւ օվացիաները, որով նրան դիմավորեցին ու ճանապարհեցին աննախադեպ էին: Այս մասին գրեց RFI, Radio France internationale հոդվածագիրը՝ անդրադառնալով Ազնավուրի մոսկովյան համերգին:


Հանդիսատեսը ոչ միայն նրա հետ հավասար երգում էր ու հոտնկայս անդադար ծափահարում, այլեւ արտասվում. «La Bohême»-ն ու «Une vie d’amour»-ը ստիպեցին մարդկանց վերհիշել երիտասարդությունը ու բոլոր հույզերը:


Տարբեր մեկնաբաններ, նրան անվանում եւ հետեւյալ կերպ. «Ազնավուրը տարիք չունեցող մարդ է, որքան էլ դա պարզունակ է հնչում»: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Ազնավուրն առանց դադարի երկու ժամանոց համերգի վերջում, մի կողմ շպրտելով պիջակը, անգամ պարի բռնվեց «Ցիգանոչկայի» տակ. ի վերջո, առողջ մարմինը դեռ երիտասարդության ցուցանիշ չէ: Բայց ակնհայտ է, որ տարեց երգչի ձայնը առաջվա պես առույգ է: Սա ոչ միայն Ազնավուրի հանելուկն է, այլեւ ողջ ֆրանսիական շանսոնի:


Երբ մեկ ամիս առաջ Ազնավուրը ժամանեց Մոսկվա, ռուս լրագրողների հիմնական հարցն էր՝ ինչպե՞ս եք կարողանում այդ տարիքում այդքան գործունյա մնալ: Լրագրողների հետ հանդիպմանը վառ երկնագույն վերնազգեստով ու մուգ ակնոցներով ներկայացած Ազնավուրը արձագանքել էր՝ ողջ-առողջ եմ միայն հանդիսատեսի շնորհիվ:


Ազնավուրը նշել է, որ իր գաղտնիքը էնտուզիազմի մեջ է՝ դա է միակ բառը, որ իր պատասխանի հիմքում է:


Ինչ վերաբերում է իր ոչ բեմական կյանքին, Ազնավուրը միշտ նշում է, որ ունի 2 հայրենիք՝ Ֆրանսիան, որտեղ շանսոնյեն ծնվել է, եւ պատմական հայրենիքը՝ Հայաստանը:


Առաջինն Ազնավուրը սիրում է անսահման, իսկ 2-րդի նկատմամբ, ինչպես եւ արտագաղթողներից շատերը, իրեն «մի քիչ պարտական է զգում»: 1988թ. Գյումրիում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց ողբերգությունից տուժածների օգնության հիմնադրամ, որն ավելի ուշ վերածվեց «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի: Երեւանում կա Ազնավուրի անվան հրապարակ, իսկ Գյումրիում, որտեղ ծնվել է նրա հայրը, տեղադրված է շանսոնյեի արձանը:


Ազնավուրը նաեւ մեծ ավանդ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում:


Ինչեւէ շանսոնյեն շարունակում է երգել ու զարմացնել: Ինչպես քանիցս նա նշել է, որ ցանկանում է շարունակել բեմական կյանքը մինչեւ 100-ամյակը: