23.11.2024
Հայկական գինին կհեռանա՞ ռուսական շուկայից. ՌԴ ներքին փոփոխությունների հետքերով
prev Նախորդ նորություն

Իրանում ընտրություններ են. Ֆավորիտը Ռոհանին է, բայց սուր պայքարից խուսափել չի լինի

Իրանում մեկնարկել են 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները: Նախագական ընտրությունները չափազանց կարևոր են, քաղաքացիները պետք է ակտիվորեն մասնակցեն ընտրություններին,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելիս ասել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Միեւնույն ժամանակ Իրանում ով էլ ընտրվի նոր նախագահի Հայաստանի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն լինի, նշում են փորձագետները։


Իրանի հոգևոր առաջնորդը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և վճռել իրենց ճակատագիրը: «Պետք է շուտ գալ ընտրության, համոզված եմ, որ բարի գործը պետք է շուտ անել, չպետք է ուշացնել»,-ասել է այաթոլլահ Խամենեին:


Իրանական «Ջամ-է Ջամ» կայքի փոխանցմամբ՝ քվեարկել է նաև ԻԻՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Հասան Ռոհանին:


Իրանով զբաղվող փորձագետներն ու մեկնաբանները հաստատում են, որ չնայած չորս թեկնածուի առաջադրմանը, ընտրություններին հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Հասան Ռոհանիի և պահպանողականների ճամբարը ներկայացնող Էբրահիմ Ռաիսիի միջև։ Այդ մասին նշում է նաեւ Իրանում ՌԴ–ի նախկին դեսպան Ալեքսանդր Մարյասովը։


Նրա խոսքով, Ռոհանիին ունի «պաշար», որը կարող է ներկայացնել բնակչությանը`2015թ.-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը, ինչը շնորհիվ Իրանը դուրս եկավ միջազգային տնտեսական և քաղաքական շրջափակումից, նավթի արտահանման աճ, որոշակի ֆինանսական աղբյուրների ապասառեցում և այլն։


Սուր պայքար պահպանողականների եւ լիվերալների միջեւ


Միեւնույն ժամանակ Ռոհանիի դեմ կարող են օգտագործել երկրում պահպանվող սոցիալ տնտեսական խնդիրները: «Սակայն իրանցիների կողմից այդքան սպասված սոցիալ-տնտեսական արագ բարելավում տեղի չունեցավ, քանի որ շարունակում են գործել ամերիկյան միակողմանի պատժամիջոցները, իսկ միջազգային կազմակերպությունները զգուշանալով ԱՄՆ–ի պատժամիջոցներին չեն շտապում դեպի իրանական շուկա իրենց ներդրումներով ու տեխնոլոգիաներով»,- նշում է Մարյասովը ։


Ըստ նրա, Ռոհանիի ընդդիմախոսներն, օգտվելով բնակչության դժգոհությունով, սկսում են շեշտը դնել իշխանության թերությունների վրա և սկսում են հանդես գալ պոպուլիստական կոչերով`ստանալով բնակչության աղքատ շերտերի աջակցությունը։ «Հասան Ռոհանին հույսը կարող է դնել ոչ միայն իր ավանդական էլեկտրոտարի վրա, այլ նաև մի շարք ազդեցիկ պահպանողականների, ում աջակցությունը նա կարողացավ ստանալ»,- հավելել է նա։


Միեւնույն ժամանակ միջազգային փորձագիտական շրջանակներ նշում են, որ Իրանում ընտրությունները հանգիստ չեն անցնում և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման։ «Սակայն առկա է մի «օրենք»` բոլոր նախագահներին թույլ են տալիս վերընտրվել երկու անգամ։ Ահմադինեջադը, ով անգամ գնաց գերագույն առաջնորդի հետ առճակատման զրկված չէր երկու անգամ պաշտոնավարելու հնարավորությունից»,- փոխանցում է carnegie.ru կայքը։


Իրանում բոլորը խոսում են տնտեսական ծանր վիճակից ու այդ տնտեսական խնդիրների համար էլ քննադատության են ենթարկում երկրի գործող նախագահ Հասան Ռոհանիին։ Սակայն Ռոհանիի ընդդիմախոսներն այդպես էլ չեն կարողացել ձևակերպել այլընտրանքային տնտեսական ծրագիրը և կենտրոնացել են միայն Ռոհանիին քննադատելու վրա, նշում են Քարնեգի կենտրոնի վերլուծաբանները։


Ավելի տարօրինակ էր Ռոհանիի քննդատությունն երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեի կողմից։ Սակայն Խամեին կարող է փոխել իր կարծիքը, ինչն եղել է նաև նախկինում։
Ընդհանուր առմամբ, նշում են վերլուծաբանները, Ռոհանին ունի շանսեր երկրորդ անգամ վերընտրվելու երկր նախագահի պաշտոնում, սակայն Իրանի ուղենիշն ընտրություններից հետո էականորեն չի փոխվի։


Նոր քաղաքական տեխնոլոգիաներ


Իրանում նախագահական ընտրությունների ընթացիկ քարոզարշավն, ինչպես նշում է իրանագետ Վարդան Վոսկանյանը, աչքի է ընկնում նաև քաղաքական տեխնոլոգիաների լայն և հաճախ անսպասելի կիրառությամբ:


«Մասնավորապես, որքան էլ տարօրինակ թվա, ընտրապայքարի նշանաբանությունը դիտարկելիս տպավորություն է ստեղծվում, որ պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսիի նախընտրական քարոզչությունը գրեթե նույնքան, եթե ոչ ավելի, ազատական է, որքան գործող նախագահ և բարեփոխական թեկնածու Հասան Ռուհանիինը:


Ասենք, օրինակ, ակնհայտորեն պահպանողական թեկնածուի օգտին աշխատող #փոշմանելեմ հաշթեգով քարոզարշավին մասնակցող երիտասարդները նախընտրական տրամադրությունների վրա ազդում են ոչ միայն «Ես չորս տարի առաջ ձայն եմ տվել պարոն Ռոհանիին, բայց այժմ «#փոշմանելեմ» գրությամբ բարեփոխականներին խորհրդանշող մանուշակագույն պաստառներով, որոնց վրա, ի դեպ, կարելի է տեսնել Իրանում արգելված «Թվիթեր» սոցիալական ցանցի նշանը, այլև բավական ազատ հագուկապով:


Հետաքրքրական է նաև, որ մանուշակագույն է մասնակից աղջիկների նույնիսկ շրթներկը, իսկ «փոշմանել եմ» արտահայտությունը գրված է ոչ թե գրական, այլ խոսակցական պարսկերենին բնորոշ «փաշիմունամ» տարբերակով»,- նշում է իրանագետը:


Ընտրություններ՝ երկու փուլով


Վարդան Ոսկանյանը նշում է, որ առկա քաղաքական իրավիճակը թույլ է տալիս ենթադրելու, որ ընթանալու է բավականին սուր պայքար երկու ճամբարների միջև: Ըստ նրա՝ արդեն իսկ կայացել է թեկնածուների միջև երկու հեռուստաբանավեճ, որին մասնակցել են բոլոր թեկնածուները և խիստ քննադատություններ են հնչել: Այդ բանավեճերի ժամանակ թեկնածուներն անդրադարձել են Իրանի ներքաղաքական, տնտեսական խնդիրներին, Իրան-արևմուտք հարաբերություններին և այլն, գրում է panorama.am-ը:


Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, իրանագետը նշեց՝ պետք է հստակ գիտակցել, որ Իրանի արտաքին քաղաքականության ուղեգիծը Հայաստանի հանդեպ պայմանավորված չէ թեկնածուներից մեկի ընտրվելով կամ չընտրվելով։ «Որևէ մեկի ընտրվելու դեպքում այդ քաղաքական ուղեգիծը լուրջ փոփոխություն չի կրի, հիմնական շեշտադրումներով կպահանվի, իհարկե փոքր ճշգրտումներ կմտցվեն: Դրա համար պնդել, թե Հայաստանի շահերի տեսանկյունից թեկնածուներից որն է ավելի ընդունելի՝ դժվար է ասել»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը: Նա նաև նշեց, որ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն երկրորդ փուլով:


Ինչ վերաբերում է Իրանում հայ համայնքի դիրքորոշմանը նախագահական ընտրություններում, Վարդան Ոսկանյանն ասաց, որ եթե համեմատեն ամերիկահայ կամ ֆրանսահայ համայնքի հետ, ապա կա հսկայական տարբերություն:


«Իրանում հայկական համայնքը ընդհանրապես հանդես չի գալիս որևէ թեկնածուի օգտին, ազատ են իրենց դիրքորոշումն արտահայտել և քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, այսինքն՝ չունենք դասական լոբբիզմ Իրանում: Բայց, անշուշտ, հայ համայնքում մեծամասնությունը կողմնակից է բարեփոխականներին, սակայն դա չի նշանակում, որ պահպանողականներին աջակցողներ չկան»,- ընդգծեց իրանագետը:
Նրա խոսքերով՝ Իրանում ինչ-որ առումով հայ լինելն առավելություն է, և իրանահայերին հատուկ ուշադրությամբ ու գորովանքով են վերաբերում:


«Այսինքն` ընտրություններով չի փոխվի հայերի նկատմամբ այդ վերաբերմունքը, բնականաբար, պետք է նշել, որ հայ համայնքը վաստակել է այդ իրավունքը»,- ասաց ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ Իրանի բոլոր հաղթանակները կերտվել են հայերի մասնակցությամբ: «Այս դիրքորոշումը պետք է մենք արտահայտենք նաև իրանցիների հանդեպ»,- եզրափակելով խոսքն ասաց իրանագետը:


Նշենք, որ Իրանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն գործող նախագահի և պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսիի միջև: Նախօրոք գրանցված 6 թեկնածուներից երկուսը՝ Էսհաղ Ջահանգիրին և Մոսթաֆա Հաշեմի Թաբան թողեցին մրցապայքարը հօգուտ Ռոհանիի, իսկ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Մոսթաֆա Միր Սալիմն իրենց աջակցությունը հայտնեցին Էբրահիմ Ռայիսիին: