23.11.2024
Միգրացիան և հաբեկչությունը՝ որպես առաջնային հումանիտար խնդիրները. «Ավրորա»
prev Նախորդ նորություն

Քաղցկեղածին Հայաստան. Ի՞նչ ենք մենք ուտում և ո՞վ է դրա համար պատասխանատու

2016 թվականի սկզբին World Life Expectancy («Կյանքի տևողությունը աշխարհում») կայքը հրապարակեց քաղցկեղի վերաբերյալ մի զեկույց, համաձայն որի, 2014 թվականի կտրվածքով, 172 երկրների շարքում Հայաստանը առաջին տեղում էր քաղցկեղից մահացության ցուցանիշով՝ 230 մահ 100 հազար բնակչին: Ընդ որում՝ այս տվյալները զեկույցի հեղինակները վերցրել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունից:

Զեկույցը մեծ ռեզոնանս առաջացրեց Հայաստանում, առողջապահության պատասխանատուները մեկը մյուսին տեղ չտալով հայտարարում էին, որ մեր երկիրը չի կարող լինել առաջինը և որ նշված տարում Հայաստանում քաղցկեղից մահացածների թիվը 189 է եղել 100 հազար մարդու շրջանում...

Մասնագետները պնդում են, որ Հայաստանում քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը բավական բարձր է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ 50-60% դեպքերում հիվանդությունը բացահայտվում է 3-րդ կամ 4-րդ աստիճանում, երբ բուժումն արդեն քիչ արդյունավետ է: Նրանց խոսքով՝ սա է կարեւորագույն պատճառներից մեկը, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը 30%-ով ավելի պակաս է, քան ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրների մեծ մասում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում քաղցկեղի 8400 նոր դեպք է արձանագրվել:

Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների բարձր մակարդակի մասին խոսելիս մասնագետները նշում են, որ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներն են վատ սնունդը, սխալ կենսակերպն ու վատ սովորությունները: Որքան էլ տարօրինակ է, բայց վատ, անառողջ սնունդը Հայաստանում, որը համարվում է օրգանական սնունդով հարուստ երկիր, քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է համարվում: Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը VERELQ-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հանրապետությունում, ցավոք, ամեն օր խախտվում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքը, քանի որ սպառողների անվտանգության երաշխավորման համար պետք է գնահատվեն սննդի սպառման արդյունքում առաջացող ռիսկերը։ Ռիսկի գնահատումն իրականացնում է գիտական մարմինը որին նշանակում է ՀՀ կառավարությունը, բայց, ցավոք, ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկայիս կառավարությանը սպառողների իրավունքների և անվտանգության ապահովման հիմնահարցերը չեն հետաքրքրում.

«Ավելին. ունենալով երկիր, որտեղ կան բնական կենսաերկրաքիմիական մարզեր, ինչպես նաև հանքալեռնային արդյունաբերություն և չիրականացնել ռիսկի գնահատում, նշանակում է, որ տվյալ երկրում տնտեսական շահը գերակայում է, իսկ քաղաքացիների առողջությունը դեռ արդի խնդիր չէ»,- նշեց նա։

Պիպոյանը մատնանշեց. այն, որ ՀՀ-ում ուռուցքային հիվանդությունների, մասնավորապես աղեստամոքսային ուղու ուռուցքների առաջացման գործընթացում սննդամթերքի ու ջրի սպառումն ունեն կարևոր դեր, ապացուցված է վաղուց և հաստատված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված ուղեցույցներում:

Մեր զրուցակիցը նշում է, որ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա-վերլուծական կենտրոնը չնայած նորաստեղծ կառույց է (2012թ), բայց միջազգային համագործակցության ծրագրերի շնորհիվ տեղայնացրել և կիրառում է միջազգային մեթոդներ: Լեռնահանքային շրջաններում իրականցված հետազոտությունների արդյունքները փաստում են, որ ծանր մետաղների պարունակությունները տարբեր մթերքներում և վերջիններիս հաճախակի օգտագործումը չեն երաշխավորում սպառողների առողջության ապահովումը։ Սակայն ուռուցքային ռիսկերը պայմանավորված չեն միայն ծանր մետաղներով. ցավոք, և՛ թունաքինիկատներով, և՛ որոշ սնկային թույներով մթերքը, անգամ շատ ցածր քանակների պարունակությամբ, բայց հաճախակի օգտագործվելու դեպքում կարող են ունենալ ուռուցքածին ազդեցություն.

«Ցավում եմ, բայց սննդամթերքի անվտանգության ապահովման պատասխանատու կառույցներում քչերը գիտեն, թե ինչ է սննդամթերքի անվտանգությունը և, ցավոք սրտի, ապաշնորհ չինովնիկների գործունեության համար սպառողները վճարում են իրենց առողջությամբ»,- հավելեց սննդի անվտանգության փորձագետը։

Սննդի անվտանգության հարցում, մեղմ ասած, վտանգավոր անտարբերության մասին խոսում են նաև արտասահմանցի մասնագետները: Այդպես, Իտալիայի Տուշայի համալսարանի սննդագիտության և սննդամթերքի անվտանգության պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն վերջին տարիներին Հայաստանի պետական կառավարման մարմիններին ու ոլորտի պատասխանատուներին մշտապես հիշեցնում է՝ սննդի անվտանգության վատ կառավարումը բերում է սոցիալական ու տնտեսական լուրջ հետևանքների և խնդիրների: Անշուշտ, օնկոլոգիական հիվանդացությունների բարձր մակարդակը և մահացության ոչ պակաս բարձր ցուցանիշը այդ խնդիրների առաջին եռյակում են: Իսկ վատ սնուցումը, ըստ իտալացի պրոֆեսորի, բերում է նեգատիվ հետևանքների՝ աշխատունակության անկում, տարբեր, այդ թվում և օնկոլոգիական հիվանդությունների զարգացում և այլն:

«Ոլորտը Հայաստանում բարձիթողի վիճակում է, ինչը բերում է բազմաթիվ խնդիրների՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական»,- հավելում է նա:

Ի դեպ, Դավիթ Պիպոյանն ու իտալացի պրոֆեսորը չորս տարի շարունակ հետազոտել են Հայաստանի հանքալեռնային արդյունաբերություն ունեցող բնակավայրերում աճեցված սննդամթերքի սպառման արդյունքում առողջական ռիսկերը: Հետազոտությունն անցկացվել է Սյունիքի մարզում և Լոռու մարզի Ախթալա բնակավայրում: Մասնավորապես, ուսումնասիրվել է լայն սպառման 15 բանջարեղեն և պտուղ՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, լոբի, կանաչի, կարտոֆիլ, ելակ և այլն, որոնց մեջ հայտնաբերվել է պղնձի, մոլիբդենի, քրոմի մեծ քանակություն: Իսկ դա, ըստ Պիպոյանի, հանրային առողջապահության տեսանկյունից չափազանց վտանգավոր է ու ահռելի ռիսկեր է պարունակում ազգաբնակչության համար:

«Կրկնում եմ՝ քանի դեռ Հայաստանում տնտեսական շահը գերակայում է, իսկ քաղաքացիների առողջությունը դեռ արդի խնդիր չէ, իրավիճակը մնալու է նույն վտանգավորն ու իրենից սպառնալիք հանդիսացող»,- հավելեց Դավիթ Պիպոյանը:


Բացի վերը նշված գործոններից, որոնք առաջնահերթ կապված են ներքին խնդիրների կամ պատասխանատուների ուղղակի անփութության հետ, գոյություն ունեն այլ գործոններ ևս, որոնք վտանգում են ՀՀ քաղաքացիների առողջությունը: Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված ՀՀ Բնակչության սնուցման վիճակի ուսումնասիրությունը փաստում է, որ արտերկրներից պարենամթերքի ներքին շուկա մուտք գործելու մատչելիության ապահովման տեսանկյունից ՀՀ-ն դասվում է (բաց) շուկաներ ունեցող երկրների շարքին։ Այսինքն՝ ներմուծվող, ինչպես նաև թարմ և վերամշակված սնունդ արտադրող տնտեսավարող սուբյեկտների բազմազանությունը, վերջինների կողմից տարբեր տեխնոլոգիաների կիրառումն ու սննդամթերքի անվտանգության վերահսկման պատշաճ համակարգի բացակայությունը լուրջ վտանգ են ստեղծում սպառողների առողջության համար։ Ու թեև Հայաստանի կառավարության մոտեցումը ամրագրված է թղթի վրա և ասում է, որ պարենային անվտանգությունը ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, իսկ վերջինիս կարեւորությունը շեշտվում է ինչպես միջազգային, այնպես էլ ՀՀ-ում ընդունված բազմաթիվ իրավական ակտերով, այդ թվում՝ «Պարենային անվտանգության ապահովման մասին» օրենքով, «ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգով» և «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունով», անառողջ սննդի + անբուժելի հիվանդությունների միջև առկա կապի խնդիրը շարունակում է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը:


Հետազոտության մասնագետները նշում են, որ այդ խնդիրների լուծումը հնարավոր է իրագործել միայն այնպիսի պետական միասնական քաղաքականության իրականացման շնորհիվ, որը կերաշխավորի մրցունակ ագրոպարենային համակարգի կայացումը, տարածքային համաչափ զարգացումը, արտակարգ իրավիճակներում պարենային ճգնաժամերի առաջացման կանխարգելումը, մակրոտնտեսական կայունությունը, բնակչության սնուցման լիարժեքությունը, սննդամթերքի ինքնաբավության անհրաժեշտ մակարդակը, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի հուսալի պաշտպանվածության իրականացումը` հնարավորինս բացառելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունը և ապահովելով բնական ռեսուրսների հավասարակշռված օգտագործումը:


Իսկ մինչ այդ դարձյալ դրսից հայտարարվում է, որ Հայաստանում առկա իրավիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է. օրերս Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Շանթ Շխրթմյանը հայտարարեց, որ Հայաստանը օնկոլոգիական հիվանդությունների մահացության ցուցանիշով զիջում է միայն Զիմբաբվեին: Եվ թող նորից առողջապահության համակարգի պաշտոնյաները պնդեն հակառակի մասին.... 


Լիա Խոջոյան