30.04.2026
Ինչու էր Նիկոլը ՌԴ-ում բիզնես անողներին տարել ադրբեջանցիների հետ հանդիպման
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխանության ուղեգիծը հիմնված է Բաքվի բարի կամքի հանդեպ հավատի վրա. քաղաքագետ

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

2020–2023 թթ. ծանր ցնցումներից հետո Հայաստանն ապրում է ինչպես արտաքին քաղաքական ուղեգծի, այնպես էլ ներքին պետական նարատիվների խորը տրանսֆորմացիա։ Պաշտոնական Երևանն ավելի ու ավելի է հեռանում ավանդական ազգային հայեցակարգերից՝ հօգուտ նոր, հասարակության համար հաճախ ցավոտ «խաղաղության օրակարգի»։


Որտե՞ղ է անցնում հարկադրված դիվանագիտական պրագմատիզմի և Բաքվի ու Անկարայի քաղաքական թեզերի փաստացի որդեգրման միջև նուրբ սահմանագիծը։ Ինչի՞ կհանգեցնի հայկական իշխանությունների կողմից հստակ «կարմիր գծերի» բացակայությունը, և ինչպե՞ս կազդի հռետորաբանության արմատական փոփոխությունը երկրի ինքնիշխանության և ներքաղաքական կայունության վրա։ Այս և այլ սուր հարցերի շուրջ VERELQ-ի խմբագրությունը զրուցել է քաղաքագետ Դավիթ Հարությունովի հետ։


Հարցազրույցում փորձագետը մանրամասնորեն վերլուծում է գործող իշխանությունների թաքնված շարժառիթները, նախազգուշացնում զիջումների ռիսկերի մասին և կանխատեսումներ անում աննախադեպ արտաքին ճնշման պայմաններում հայոց պետականության ապագայի վերաբերյալ։



Լուսանկարում՝ Դավիթ Հարությունով, աղբյուրը՝ Yerevan Today


VERELQ. Ինչպե՞ս եք գնահատում խաղաղության և առհասարակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական հռետորաբանության ներկայիս տրանսֆորմացիան։ Ձեր կարծիքով՝ որտե՞ղ է անցնում դիվանագիտական կոմպրոմիսի պրագմատիկ փնտրտուքի և Բաքվի ու Անկարայի քաղաքական թեզերի փաստացի փոխառման միջև սահմանագիծը։


Դավիթ Հարությունով. Այս կամ այն ձևով ղարաբաղյան հիմնախնդրի, Հայաստանի նորագույն պատմության մի շարք իրադարձությունների մեկնաբանման մոտեցումների վերանայումն անխուսափելի էր վերջին հինգ տարիների իրադարձություններից հետո։ Ընդ որում, նման վերանայման շարժիչ ուժերն են ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գործադրվող ճնշումը, այնպես էլ ներհայկական օրակարգի գործոնները։ Նախկինում գոյություն ունեցող հռետորաբանության և մոտեցումների պահպանումը մեծապես կնշանակեր հակամարտության շարունակման ուղեգիծ, ինչի համար Հայաստանը չունի իրական պայմաններ և հնարավորություններ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն չեն փորձում գտնել, թեկուզև հարաբերությունների հնարավոր սառեցման գնով, այն սահմանը, որը կսահմանափակի այս թեմայով զիջումները։ Նման «կարմիր գծերի» բացակայությունը հղի է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների շարունակմամբ ու ընդլայնմամբ և հայկական ներքին օրակարգին նրանց հետագա միջամտությամբ։


VERELQ. Շատերը նկատում են, որ հարևան երկրների նարատիվների հետ Երևանի դիրքորոշումների մերձեցումը ոչ միանշանակ արձագանք է առաջացնում Հայաստանի ներսում։ Ձեր կարծիքով՝ այս գործոնն ինչպե՞ս կազդի առաջիկայում ներքաղաքական կայունության և հասարակության համախմբման վրա։


Դավիթ Հարությունով. Կան մի շարք գործոններ, որոնք ուժեղացնում են նշված վերանայման բացասական ազդեցությունը Հայաստանի ներսում և վարկաբեկում են այդ գործընթացն այնտեղ, որտեղ այն նույնիսկ օբյեկտիվորեն անխուսափելի է։ Նախևառաջ, ակնհայտ է Հայաստանի իշխանությունների այս ուղեգծի կոնյունկտուրային բնույթը, այսինքն՝ խոսքը ոչ թե նրանց հետևողական և հստակ ռազմավարության, այլ արտաքին ճնշման տակ իրականացվող իրավիճակային գործողությունների մասին է։ Այնուհետև, պաշտոնական նարատիվներում փոփոխությունների միջոցով փորձ է արվում հետին թվով «սպիտակեցնել» և արդարացնել անցյալում իշխանությունների թույլ տված մի շարք սխալները։ Եվ վերջապես, բուն այս գործընթացն իրականացվում է առանց հասարակության հետ շփման և սերտորեն ինտեգրված է ներքաղաքական գործընթացներին, հաճախ ստորադասված է դրանց, ինչը նույնպես լարվածություն է հաղորդում։ Կարծում եմ, որ տեսականորեն գոյություն ուներ այդ զիջումների ավելի նուրբ իրագործման հնարավորություն, որը կհամատեղեր Բաքվի որոշակի պահանջների բավարարումը Հայաստանի հասարակության որոշ շերտերի նկատմամբ առավել զգույշ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ երկրում իրական, ոչ կոնյունկտուրային հանրային քննարկման մեկնարկի հետ։


VERELQ. Եթե գործող կառավարության ներկայիս քաղաքական ուղեգիծն ընտրություններում ստանա վստահության մանդատ, ապա ի՞նչ երկարաժամկետ փոփոխություններ կարող են սպասվել հայկական ավանդական ազգային հայեցակարգերին՝ առաջ մղվող խաղաղության օրակարգի համատեքստում։


Դավիթ Հարությունով. Պարզ է, որ ներկայիս ուղեգիծն այս կամ այն ձևով կշարունակվի։ Միևնույն ժամանակ դրա կոնկրետ դրսևորումները դժվար է կանխատեսել, քանի որ այստեղ որպես հիմնական գործոն հանդես են գալիս հենց արտաքին պահանջները, իսկ նախորդ փորձը ցույց է տալիս, որ Բաքուն և Անկարան կարող են փոխել և ընդլայնել իրենց պահանջները, հատկապես այս հարցում «կարմիր գծեր» քաշելու՝ Երևանի փորձերի վերոնշյալ բացակայության պայմաններում։ Միևնույն ժամանակ, իրենց սոցիալական քաղաքականության առանձնահատկություններով պայմանավորված իշխանությունների դիրքերի թուլացման հնարավորությունը կարող է որոշակի սահմանափակիչ դեր խաղալ այս հարցում։


VERELQ. Նոր պետական արտաքին քաղաքական գծի ձևավորման պայմաններում առաջանում է բանավեճի ազատության հարցը։ Ըստ Ձեր կանխատեսումների՝ ինչպե՞ս կկառուցվեն իշխանությունների հարաբերություններն ընդդիմության և քաղաքացիական հասարակության այն հատվածի հետ, որոնք հայեցակարգային առումով չեն կիսում այս ուղեգիծը։


Դավիթ Հարությունով. Այս հարցի պատասխանը խիստ կախված կլինի ընտրությունների արդյունքներից։ Գործող իշխանությունների համոզիչ հաղթանակի դեպքում ընդդիմության նկատմամբ ճնշման ուղեգիծն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։ Միևնույն ժամանակ, կասկածելի են թվում նաև այլախոհության լիակատար ճնշման հնարավորության մասին գնահատականները, այսինքն՝ ավելի շուտ մենք գործ կունենանք Հայաստանի նախկին իշխանությունների օրոք ձևավորված և արդեն գործող վարչապետի կողմից մոդիֆիկացված ավտորիտար համակարգի զարգացման հետ։ Իսկ իշխող կուսակցության թույլ արդյունքներն ընտրություններում կարող են հանգեցնել ընդդիմության նկատմամբ ճնշումների թուլացմանը։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ընդդիմության դեմ իշխանությունների գործողություններում որոշիչ գործոն են իշխանության պահպանման շարժառիթները, իսկ նոր գաղափարախոսական մոտեցումների խնդիրն առայժմ մնում է երկրորդական։


VERELQ. Ռեալ քաղաքականության (realpolitik) տեսանկյունից. որքանո՞վ է գործուն գործիք էսկալացիայի կանխարգելման համար հարևան երկրների տերմինաբանությանն ադապտացվելը: Համենայնդեպս, շատերն իրավիճակը հենց այդպես են տեսնում։ Նման ռազմավարությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքական սուբյեկտայնության վրա երկարաժամկետ հեռանկարում։


Դավիթ Հարությունով. Ինքնին որոշակի զիջումների փաթեթը և Հայաստանի սուբյեկտայնության նվազումն անխուսափելի էին 2020-23 թթ. պարտությունների շարքից հետո։ Գոյության իրավունք ունի նաև «խաղաղություն՝ զիջումների դիմաց» ռազմավարությունը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունների գործողությունները հարցեր են առաջացնում հենց դրանցում ռազմավարական ասպեկտի բացակայության տեսանկյունից։ Անհասկանալի են այդ զիջումների սահմանները, ինչպես նաև կարծես թե իշխանությունների ուղեգիծն ընդհանուր առմամբ հիմնված է ավելի շուտ հակառակ կողմի բարի կամքի և խաղաղության ձգտման հանդեպ վստահության, քան իրական գործոնների վրա։ Այս ամենը, բնականաբար, մտավախություններ է առաջացնում անվտանգության ոլորտում իրավիճակի կայունության և Հայաստանի ինքնիշխանության հետագա սահմանափակման հնարավորության վերաբերյալ։