90 տարեկան հասակում ԱՄՆ Վիրգինիա նահանգի Ֆոլս-Չերչ քաղաքի հիվանդանոցում մահացել է հայտնի քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Մահվան մասին հայտնել է նրա դուստր Միկան, հայտնում է «Բի-բի-սի»-ն:
1966 թվականից մինչև 1968 թվականը լեհ Բժեզինսկին ներառված է եղել ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման Խորհրդի կազմում, իսկ 1977-1981թթ-ին զբաղեցրել ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Այդ ընթացքում Բժեզինսկին հանդես է եկել հակասովետական դիրքերից:
Բժեզինսկին ծնվել է 1928 թվականի մարտի 28-ին Վարշավայում, սակայն 1938 թվականից ապրել է Կանադայում, իսկ այնուհետ տեղափոխվել ԱՄՆ: 1950 թվականին Բժեզինսկին ավարտել է Մակգիլլա համալսարանը քաղաքագիտություն մասնագիտացմամբ: Նրա դոկտորական դիսերտացիան նվիրված էր ԽՍՀՄ տոտալիտար հասարակարգի ձևավորմանը: Երեք տարի անց նա դոկտորական աստիճան ստացավ Հարվարդի համալսարանում:
1958-ին Բժեզինսկին դարձավ ԱՄՆ քաղաքացի, ինչից հետո ակտիվ մասնակցություն սկսեց ունենալ միջազգային հարաբերությունների խորհրդի աշխատանքներում, իսկ այնուհետև նաև Բիլդերբերգյան ակումբի նիստերին, որը համախմբում է բոլոր ազդեցիկ քաղաքական գործիչներին ու գործարարներին: Այնուհետ նաև ակտիվություն ցուցաբերեց Եռակողմ համձնաժողովում, գրում է The Washington Post-ը:
Նա եղել է այն քաղաքականության կողմնակիցը, որի կուրսն արդյունքում բերեց ԱՄՆ-ին ճգնաժամի, մասշտաբային ուսանողական բողոքի ակցիաներին ու Վիետնամից ամերիկյան զորքերի դուրս բերմանը:
2003 թվականին Բժեզինսկին քննադատեց ԱՄՆ զորքերը Իրաք ուղարկելու որոշումը: 2014 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների վատթարացման ֆոնին նա խորհուրդ էր տալիս Արևմուտքին զերծ մնալ Կիևի հետ ռազմական դաշինքներից՝ նշելով, որ դա կհանգեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածությանը:
Իր հեղինակած գրքերում նա նշում է, որ Ամերիկան՝ աշխարհաքաղաքական ռազմավարությունում, կողմնորոշված է Եվրազիայի վրա, իսկ նա, ով վերահսկում է այդ տարածաշրջանը, կարող է ամբողջ աշխարհի վրա իշխանություն հաստատել: Նա նշում էր, որ ԱՄՆ-ին հարկավոր է իր ազդեցությունը տարածել հետխորհրդային երկրներում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում: