24.11.2024
Հրդեհ Մարսելում. մահացել է երեք հայ, նախնական տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիներ են
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնի ծեծկռտուքի մասին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրենը վկայություն կտա Կոնգրեսում

ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ վկայություն է տալու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովում: Այս մասին հայտնում է Asbarez-ը:


Հայտնի է, որ Համբարյանն անձամբ է գտնվել դեպքի վայրում ու տեսանկարահանել Էրդողանի թիկնազորի գործողությունները: Համբարյանի ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես են Էրդողանի թիկնապահներն իրավապահների աչքի առաջ ծեծում խաղաղ ցուցարարներին՝ տարեց տղամարդկանց ու մի քանի կնոջ, որոնք հարձակման հետևանքով արնաշաղախ գետնին են ընկել:


ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկարահանել է հարձակման մի մասը և տեղադրել հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: Արամ Համբարյանը նշել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում նմանատիպ ազգայնամոլական հարձակումն անսպասելի էր, թեև Թուրքիայում և այլ բռնատիրական երկրներում այդպիսի միջադեպերը սովորական բնույթ են կրում:


Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանը, փաստորեն, փորձ է անում ԱՄՆ տեղափոխել իր երկրին բնորոշ անհանդուրժողականությունը:


Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձեւը՝ դատապարտելով մայիսի 16-­ին ԱՄՆ­-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը:


Բանաձեւով կոչ է արվում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության եւ քայլեր ձեռնարկել նման միջադեպերն ապագայում բացառելու համար:


«Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս բանաձեւի միաձայն ընդունումը նշանակում է, որ Թուրքիայի նախագահի՝ դաժանության բրենդն ԱՄՆ արտահանելու փորձերին ուժեղ հակազդում են միաժամանակ Հանրապետական եւ Դեմոկրատ կոնգրեսականները: Կոնգրեսը եւ նախագահ Թրամփի վարչակազմը պետք է կոշտ ուղերձ հղեն տեղի ունեցածին»,-­ ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: