Պուտին. ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու հետաքրքրություն ունի շուրջ 50 երկիր
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելու հետաքրքրություն ունի Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի շուրջ 50 երկիր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ ԵվրԱզԷՍ-ի արտաքին կապերն վստահ ընդլայնվում են: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Պուտինը տեղեկացրել է, որ ներկայումս առևտրա-տնտեսական համագործակցության շուրջ ընթանում են բանակցություններ ԵԱՏՄ և Չինաստանի միջև, ազատ առևտրի մասին՝ Իսրայելի հետ, խորհրդատվությունների մեկնարկ կտրվի Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ: ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ 2015 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել համակցել ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացներն ու Մետաքսի ճանապարհի ստեղծման գործընթացը:
«Ռուսաստանը մեծ ուշադրություն է հատկացնում ԵԱՏՄ զարգացմանը, որն անցած տարիներին լրջագույն հաջողություններ է արձանագրել միասնական շուկայի ձևավորման և կայացման գործում: ԵԱՏՄ գործունեությունը նաև թույլ տվեց որոշակիորեն նվազեցնել անբարենպաստ կոնյունկտուրայի ազդեցությունը միության անդամ պետությունների վրա»,- հավելեց նա: