Քննադատություն առանց առաջարկության. ԱՄՆ-ը պետք է ավելի ադեկվատ ընկալի Հարավային Կովկասի իրականությունը
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հիմնվում է բացառապես փոխադարձ շահերի վրա, անկախ նրանից, թե ով և ինչպես է ընկալում այդ համագործակցությունը: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով, այդ համագործակցությունը ներառում է անվտանգության, տնտեսական և հումանիտար համագործակցության ոլորտները: «Եվ եթե ինչ-որ մեկին ձեռնտու է այդ համագործակցությունն անվանել Հայաստանի կախվածություն ՌԴ-ից, ապա դա նրանց սխալն է»,-նշել է Մարկարովը:
Երևանը վերջերս քննադատությունների թիրախ է դարձել արևմտյան փորձագետների և քաղաքական շրջանակների կողմից՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու և ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացման պատճառով: «Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի ավագ աշխատակից Ուոյն Մերրիի կարծիքով, Հայաստանը Մոսկվայից միակողմանի կախվածության մեջ է ընկել, ինչը «Երևանի համար այդքան էլ լավ տարբերակ չէ»:
Մերրին նշել է, որ Հայաստանը պատերազմական վիճակում է գտնվում և պետք է հաշվի առնի ՌԴ-ի ազդեցությունը և համակերպվի նրա տնտեսական ու քաղաքական գերակայության հետ:
Հայաստանում, սակայն, այդ քննադատությունն անհիմն և աբսուրդային են համարում, քանի որ Արևմուտքը չի առաջարկել որևէ այլընտրանք տնտեսական և ռազմական անվտանգության ոլորտներում մի երկրի, որը շրջափակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ը չեն կարողացել մինչև այս պահը համոզել Անկարային հանել շրջափակումը և բացել եվրոպական տարածաշրջանի վերջին փակ սահմանը:
ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված "ֆուտբոլային դիվանագիտությունը", ոչ էլ Հայաստանի՝ ԵՄ-ի Ասոցացման շուրջ համաձայնագրի բանակցությունները չեն բերել այդ նպատակի իրականացմանը: Եվ սովորական դարձած հակառուսական հռետորաբանության և քննադատություններից ամերիկացիների և եվրոպացիների գործողությունները այն կողմ չեն անցնում:
Մարկարովը նշել է, որ Արևմուտքում շատերը պետք է ավելի ադեկվատ ընկալեն Հարավային Կովկասի իրականությունը: «Որպես օրինակ վերցնենք Արևելյան գործընկերությունը: Ադեկվատ ընկալման բացակայությունը հանգեցրեց տապալման, այնպիսին, ինչպիսին մենք ականատես եղանք 2013թ.-ի Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում: Ադեկվատ ընկալումները կհանգեցնեն ավելի կշռադատված դիրքորոշման, ծրագրի մասնամից յուրաքանչյուր երկրի նկատմամբ տարբերակված մոտեցումների մշակմանը», - նշել է Մարկարովը:
Հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ գրեթե նույն դիրքորոշումն ունի նաև իշխող ՀՀԿ-ի անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Հայաստանի շահերի հիմքում ընկած են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին թույլ կտա Երևանին ավելի պաշտպանված լինել: Հայաստանը մինչ այս պահը գտնվում է շրջափակման մեջ: Եվրասիական ծրագրերին մեր անդամակցությունը մեզ էներգետիկ անվտանգության լուրջ հույս է տալիս, ինչպես նաև նոր ներդրումներ և կոմունիկացիոն ռեսուրսներ»,-հավելել է Զաքարյանը: