«Պետք է սպասել». Օհանյանն արձագանքում է ռուսական ինքնաթիռի խոցմանը
Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելու դեպքն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով, երեկ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի միջադեպին:
«Իհարկե, այսօր միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է հենց այն դեպքին, որը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Կարծում եմ, որ այն ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության ջանքերը սևեռված են, համախմբված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա, սա ուղղակի հարված էր այդ ջանքերին»,- նշեց Օհանյանը, հայտնում է tert.am-ը:
ՌԴ ՊՆ-ը հաստատել է Թուրքիայի ու Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռի խոցման փաստը: Ինքնաթիռի կործանման մասին հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները: Հետագայում պարզ է դարձել, որ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից "սահմանը խախտելու համար": Ի սկզբանե հայտարարվում էր, որ խոսված Су-24-ի երկու օդաչուները կարողացել են լքել ինքնաթիռը, սակայն դրան հաջորդել է տեղեկատվություն, որ նրանցից մեկը զոհվել է, երկրորդը հայտնվել սիրիական թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում:
ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, թե Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր է, ինչից էլ բխում է տեսակետը, թե ինչպիսին կլինի ՀՀ դիրքորոշումն այս հարցում: «Հիմա պետք է սպասել ու տեսնել՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան: Համապատասխան ղեկավարները, կարծում եմ, որոշումներ կընդունվեն, իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն»,- ասաց նախարարը:
Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հնարավո՞ր է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը բերվեն մարտական պատրաստվածության, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք ընդանուր օպերատիվ մարտական պլանավորում, որի շրջանակներում իրականացնում ենք մեր ընդհանուր գործունեությունը: ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները: Կարծում եմ, որ այս պլանների շրջանակներում էլ մենք այսօր գործում ենք»: