Հյուսիսային Օսեթիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի տուժածներին կարող են Երևան տեղափոխել ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռով: «Նախատեսվում է, որ Բեսլան կժամանի ԱԻՆ ինքնաթիռը բժիշկներով, որոնք տեղում կպարզեն տուժածների առողջական վիճակն ու նրանց տեղափոխելու հնարավորությունը»,- ՏԱՍՍ-ին հաղորդել են ԱԻՆ-ից: Նշվում է, որ տուժածներին կտեղափոխեն Երևան բուժումը ստանալու նպատակով: Ինքնաթիռը համալրված է անհրաժեշտ բժշկական սարքավորմամբ, որը թույլ է տալիս բուժօգնություն տրամադրել նաև թռիչքի ընթացքում: Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ տարածքային բաժանմունքի պետը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ ավիատրանսպորտ կտրամադրվի Երևան տեղափոխվելու ցանկություն հայտնած տուժածների համար: . Այս պահի դրությամբ, հանրապետության բուժհաստատություններում գտնվում է հինգ մեծահասակ և չորս երեխաներ, մնացած ուղևորները, որոնք թեթև վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են Բեսլանում այդ նպատակով բացված ժամանակավոր ապաստարաններ: Նրանց թիվը 27 է: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի փոխնախարարի ծնողները Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի տուժածների թվում են: Հիշեցնենք, հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր: