Թուրքիա-Ադրբեջան. Գազի ու երկաթի բարեկամություն
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը աշխատանքային այցով մեկնելու է Ադրբեջան։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը։ Նրա խոսքերով՝ Ալբայրաքը Ադրբեջանում մասնակցելու է Հարավային գազային միջանցքի Խորհրդատվական խորհրդի երրորդ նիստին, որը Բաքվում անցկացվելու է փետրվարի 23-ին։
Օզորալի խոսքերով՝ փետրվարին ակնկալվում է նաև Թուրքիայի սննդամթերքի, գյուղատնտեսության ու անասնապահության նախարար Ֆարուք Չելիքի այցն Ադրբեջան։
Դեսպանն ընդգծել է, որ 2017 թվականին ակնկալվում են ադրբեջանցի նախարարների պատասխան այցերը Թուրքիա։ Դիվանագետն ընդգծել է, որ տարվում է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի նախապատրաստական աշխատանք։
Էրքան Օզորալը նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններն անընդհատ դինամիկ զարգանում են և զարգանալու են նաև ապագայում։ Ըստ նրա, մոտակա ժամանակներս շահագործման կհանձնվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծային նախագիծը`ապագայում կյանքի կոչվող այլ նախագծերն էլ ավելի են ամրապնդելու երկու ժողովուրդների միջև կապերը։ Ադրբեջանը և Թուրքիան զգալի ներուժ ունեն երկկողմ ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հասցնելու համար, ինչը հանդիսանում է նրանց նպատակը:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը: 2002-2014թթ.-ին Ադրբեջանի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունը աճել է ութ անգամ և կազմել 5.1 միլիարդ դոլար, իսկ 2015թ.-ին համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով Բաքվի ու Անկարայի ապրանքաշրջանառությունը որոշակի չափով նվազել է: Ըստ նրա, 2015թ.-ին Թուրքիայի արտահանումն Ադրբեջան կազմել է 1.9 միլարդ դոլլար, իսկ Ադրբեջանից ներկրումը՝1.6 միլիարդ դոլար:
Էլիթաշի խոսքով, Թուրքիան Ադրբեջան է արտահանում հիմնականում երկաթե և պողպատե իրեր, պատրաստի արտադրանք, կահույք և այլն: Ադրբեջանից դեպի Թուրքիա արտահանման 85%-ը կազմում է բնական գազը: Բացի բնական գազը, Թուրքիան Ադրբեջանին ներկրում է նաև գունավոր մետաղներ, քիմիական արտադրանք: 2014թ.-ի վերջին Թուրքիայի ներդրումներն Ադրբեջանում կազմել է 7.5 միլիարդ դոլար, իսկ ադրբեջանական ներդրումները Թուրքիայում հասել են 4.2 միլիարդ դոլար: