6.11.2025
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական կարգավորումը
08.06.2022
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական կարգավորումը

Թուրքիան և Ռուսաստանը քննարկել են «3 + 3» ձևաչափի գործունեությունը, իրավիճակը Հարավային Կովկասում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ռուսական կողմը շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել երկու գործընթացներին։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին այս աջակցության համար»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան կարեւոր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը։ Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում։ «Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է 3+3 ձևաչափը հարավկովկասյան երեք երկրների և նրանց հարևանների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ։ Մենք առաջին հանդիպումն արդեն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել նրանց»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նա ասել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է հաջորդ հանդիպումը «3 + 3» ձևաչափով։