Ֆրանսիան չի հասկանում Իլհամ Ալիևի քննադատությունը. Յաել Բրոն-Պիվե
Ֆրանսիան չի հասկանում Իլհամ Ալիևի քննադատությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:
«Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել՝ ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի, ի նպաստ նրա, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, Հարավային Կովկասը դառնա կայուն տարածաշրջան: Եվ կարծում ենք, որ Ադրբեջանը նույնպես կիսում է խաղաղության հաստատման այս նպատակը, ուստի պետք է իրականացնել այն գործողությունները, որոնք կբերեն այդ խաղաղության հաստատմանը, մասնավորապես՝ բացել Լաչինի միջանցքը և ազատել ռազմագերիներին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Մենք միշտ պատրաստ ենք քննարկել բոլոր կողմերի հետ, քանի որ կարծում ենք, որ միայն խաղաղությունը կարող է տարածաշրջանում ապահովել շարունակական կայունություն», - նշել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:
Յաել Բրոն-Պիվեն նշել է, որ ֆրանսիական կողմի նպատակն է տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման:
«Բնականաբար, մեր և կառավարության նպատակները նույնն են, եթե նույնիսկ եղանակները տարբեր լինեն: Մենք նախևառաջ շարունակում ենք երկխոսությունը կառավարության հետ, որպեսզի հասնենք համատեղ համաձայնության, բայց նպատակները մեկն են, այն է՝ տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման այն միջոցներով, որ մենք ունենք մեր տրամադրության տակ և հաշվի առնելով այն տեղն ու դերը, որ մենք ունենք: Բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան գործում է շատ տարբեր հարթակներում՝ լինեն երկկողմ հարաբերությունները, բազմակողմ հարաբերությունները եվրոպական հարթակներում: Եվ նպատակն է միջազգային համայնքին, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ այս հարցի խաղաղ կարգավորման: Եվ այդ կարգավորումը, բնականաբար, պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պահպանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը», - ընդգծել է նա: