Ադրբեջանի ու Իսրայելի միջև կնքված ռազմական համաձայնագրերը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա են բարձրացրել։ Այդ մասին The Central Asia Caucasus analyst հանդեսում գրում է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի փորձագետ Ավիանոմ Իդանը։ Նա նշել է, որ Հարավային գազային միջանցքի ստեղծումը, որը թույլ կտա Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից գազն արտահանել Եվրոպա, կարող է օգտագործվել նաև Իսրայելի կողմից դեպի Թուրքիա և հետագայում նաև եվրոպական շուկաներ գազ արտահանելու համար։ Ըստ նրա, Իսրայելն ակտիվացնում է իր գործունեությունը Կենտրոնական Ասիայում ու Կովկասում և վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը դրա ցուցադրությունն է։ Նա հավելել է, որ այդ այցը ավելի է կոնսոլիդացրել Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները։ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական դաշինք են կազմում՝շեշտը դնելով էներգետիկ ու ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության վրա, փոխանցում է The Jewish Press-ը: Երկրների միջև խորը հարաբերությունների ցուցանիշն է այն հանգամանքը, որը Իսրայելի քաղաքացիները կարողանում են վիզաներ ստանալ Ադրբեջանի օդանավակայաններում: Վերջին տարիներին հրեական պետության ու Ադրբեջանի հարաբերությունները ընդլայնվել են ոչ միայն անվտանգության ոլորտներում, այլ նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության և այլն: Վերջին տաս տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը: Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: