Ադրբեջանի զինված ուժերը վաղվանից լայնածավալ զորավարժություններ են սկսելու
Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 16-ից լայնածավալ զորավարժություններ են սկսելու: Ինչպես այսօր տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին ներգրավվելու է մինչեւ 30 հազար զինծառայող, 250 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, մինչեւ 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանանետ, 25 միավոր մարտական ինքնաթիռ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտունակությունը եւ մարտական իրական իրավիճակին մոտ պայմաններում զորքերի կառավարումը:
Փորձարկվելու են համազորային մարտեր վարելու ժամանակակից մեթոդներ եւ օպերացիաներ բարդ ռելիեֆ ունեցող պայմաններում: Իրանակացվելու են նաեւ զորքերը օպերատիվ նշանակության վայրեր տեղափոխելու, պահեստային ուժերը հավաքագրելու եւ նշանակման վայրեր ուղարկելու, հրթիռային եւ հրետանային ուժերը, ինչպես նաեւ ռազմական ավիացիան ժամանակավոր եւ մեկնարկային դիրքեր տեղափոխելու խնդիրներ:
Զորավարժությունները շարունակվելու են մինչեւ ապրիլի 21-ը: