ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը երեկ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին: Համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծում տիրող իրավիճակը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ առկա հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը լուծման ելք չէ: Բացի այդ նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել ու իրենց բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության, նշում է osce.org-ը: Համանախագահները կոչ են արել հավատարիմ մնալ 1994-95թթ. կնքված հրադադարին՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը կբերի միայն տառապանք, հուսալքություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Համանախագահներն իրենց տեսակետներն են ներկայացրել այն քայլերի վերաբերյալ, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների շրջանակում կայացված որոշումների իրագործման համար: Արտգործնախարարների հետ զրույցում համանախագահներն ընդգծել են հակամարտության լուծման համար համապարփակ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ նրանք նշել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու որոշումը մարդասիրական քայլ էր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեին՝ համանախագահները նշել են, որ ԼՂ-ն չճանաչված պետություն է, ուստի՝ իրենք չեն ճանաչի փետրվարի 20-ին կայանալիք հանրաքվեի արդյունքները: Համանախագահների խոսքով՝ հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշիչ լինել ԼՂ վերջնական կարգավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի ելքի համար: Նշվում է, որ համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան կկայանա մարտին: