Էրդողանը գոհ է. Թուրքիայի ժողովուրդը կայացրեց պատմական որոշում
Ընդամենը 1,25 մլն ընտրողի տարբերությամբ Թուրքիայում կիրակի օրը անցկացված սահմանադրական հանրաքվեում հաղթել են երկրի կառավարման մոդելի փոփոխման կողմնակիցները: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը հայտարարել է, որ բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին` այդպիսով ընդլայնելով նախագահի լիազորությունները:
Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51,3%-ը, կողմ է քվեարկել, նախագահի լիազորությունների ընդլայնմանն ու ընդանուր կառավարման համակարգի փոփոխմանը դեմ է քվեարկել 48,7%-ը: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանրաքվեն անցել է ընդհանուր առմամբ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում `բացառությամբ որոշ լոկալ միջադեպերի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժողովուրդը երկրի կառավարման համակարգի հարցում կայացրել է պատմական կարևոր որոշում, որի շուրջ բանավիճում էին վերջին 20 տարվա ընթացքում: Նրա խոսքով` թուրք ազգը պաշտպանեց իր ապագան և բոլորը, այդ թվում Թուրքիայի դաշնակիցները, պետք է հարգեն ժողովրդի այս որոշումը:
"Մինչ հանրաքվե ճանապարհը շատ բարդ էր, բայց Թուրքիան այն հաղթահարեց և սկսում է կյանքի կոչել ամենակարևոր բարեփոխումը: Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի կառավարման համակարգը փոփոխվում է քաղաքացիական-քաղաքական համակարգի միջոցով, այլ ոչ թե կառավարությունների ձեռքով, որոնք իշխանության են եկել հեղաշրջումների և հեղափոխությունների շնորհիվ",- ասել է Էրդողանը:
Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթով երկրի նախագահի լիազորություններն շեշտակի կընդարձակվեն: Նա իր ձեքում կկենտրոնացնի փաստացի ողջ գործադիր իշխանությունը՝ վերացնելով վարչապետի պաշտոնը: