Վրաստանում գործող հայկական պետական եւ հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի բարձրագույն իշխանությանը պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը:
Վրաստանի խորհրդարանին, նախագահին և վարչապետին ուղղված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ:
Դեռեւս 1915թ.ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաեւ 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել եւ մահապատժի դատապարտվել:
Արեւմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սեւրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը հիմք դարձավ հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943թ մշակած եւ 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձեւի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու եւ պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերին 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան:
Այսօր 1915-23թթ. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան եւ այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաեւ ԱՄՆ-ի 50 նահանգներից 47-ը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաեւ Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը եւ այլն:
Մենք՝ Վրաստանում գործող հայկական պետական եւ հասարակական ներքոստորագրյալ կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը եւ Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը»:
Նշենք, որ սա արդեն 12-րդ փորձն է Վրաստանի իշխանություններին ստիպել սկսել այդ քննարկումը: Մինչ օրս բոլոր նման պահանջները արդյունք չեն տվել: