Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Ռեուվեն Ռիվլինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են օրինագիծը, որն արգելում է ազանը բարձրախոսի միջոցով հնչեցնել Իսրայելում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Իսրայելի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հետաքրքրվել է օրինագծով։ Իսրայելի նախագահը հայտարարել է, որ Իսրայելում ապահովվելու է դավանանքի ազատությունը բոլոր կրոնների ներկայացուցիչների, այդ թվում՝ մուսուլմանների, քրիստոնյաների ու հուդայականության հետևորդների համար։ Էրդողանը ասել է, թե թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների էներգետիկայի նախարարությունները համատեղ գազային նախագծեր կյանքի կկոչեն։