ՀԱՊԿ երկրների ղեկավարները սպառնալիքներին հակազդելու կարգադրություններ են ընդունել
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունվել մի շարք լրացուցիչ կարգադրություններ անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Գրիգորիի Խաչատուրովին:
Պետությունների ղեկավարները նաև որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգևատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության 1-ին կարգի նշանով: