Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Յուրի Խաչատուրովը: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Յուրի Խաչատուրովի նշանակման որոշումն ընդունվել է միաձայն»,- հայտարարել է նա Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման արդյունքներով:
Սեմերիկովը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների որոշմամբ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կպարգևատրվի I աստիճանի շքանշանով:
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ թեև ըստ ռուսական այբուբենի և ռոտացիոն կարգի Հայաստանի ներկայացուցիչը պետք է փոխարիներ Բորդյուժային այդ պաշտոնում դեռ անցած տարի, բայց երկու անգամ ՀՀ ներկայացուցչի նշանակումը հետաձգվում էր: Անգամ երբ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը անցկացվեց Հայաստանում պետությունների ղեկավարները կոնսեսուսի չհանգեցին և ժամանակ պահանջեցին այդ հարցին անդրադառնալու համար։