VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ կառավարությունը մի որոշում է ընդունել որի արդյունքում կկարողանա էլ ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերը առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար և ավելի շատ «կվաճառվեն»։ Մինչ այժմ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած «վաճառում», և որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին Էլ» տոկոս տալիս։ Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն Էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում Է դրանց «վաճառքի» ծավալը։ Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերը ավելի շատ «կվաճառվեն», և կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել։ Պարտք ներգրավելու նոր աղբյուրներ փնտրելու ու գտնելու կառավարության այս մոլուցքը, թվում Է, սահմաններ չունի»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել է: Մեզ հայտնի դարձավ, որ եվրամիության դեսպան
Պյոտր Սվիտալսկուն հաջողվել է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է: Այս անգամ էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ ասում են, թե իբր մինչեւ առաջիկա ընտրությունները ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել: Ներկայումս միջազգային կազմակերպությունները եւ ՀՀ իշխանությունները քննարկում են ընտրական համակարգի փոփոխությունների հնարավոր մասշտաբները: Հիշեցնենք, որ վերը նշված 16 մլն եվրո գումարն անհրաժեշտ է, որպեսզի նոր համակարգ ներդրվի, որը թույլ կտա ընտրական ցուցակները մաքրել, ինչպես նաեւ իրականացնել քվեարկության ընթացքը առցանց հեռարձակում»։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, իշխանությունը որպես այս օրերին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քննարկում է նաև կառավարության հրաժարականի հարցը, թեև «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում։ Ինչպես հայտնի Է, Ժիրայր Սեֆիլյանի, ապստամբների և իշխանությունների միջև բանակցությունների ընթացքում ինչ-որ երրորդ տարբերակի մասին հայտարարություն եղավ։ Չի բացառվամ, որ կողմերը համաձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաև որոշ ուժային կառույցների ղեկավարների օրինակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականներով։ Իսկ Սերժ Սարգսյանը բարեփոխումների մասին նոր խոստում տա։ Ի դեպ. քանի որ ապստամբներն ու Սեֆիլյանը դժգոհութուն ունեն նաև ԼՂՀ վերջին զարգացումների հարցում, չի բացառվում, որ այս դեպքում Էլ Սարգսյանը պարզապես խոստում տա, թե տարածքների վերադարձի հարց չի քննարկվելու այդպիսով բանակցություններում լուծելով խնդիրը, թե այդ հարցում ներսում իր վրա ճնշում կա»։
«Իրավունք» թերթը գրում է․ «Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված գնդապետ
Արթուր Վանոյանի հուղարկավորման ժամանակ Երեւանի նախկին փոխոստիկանապետ, նույն գնդի եւ Արթուրի նախկին հրամանատար ու ընկեր
Ռոբերտ Մելքոնյանն այս խոսքերով ներկայացրեց իր զոհված ընկերոջը. «Արթուրի մասին կարելի է երկար խոսել եւ միայն դրական բնորոշումներ տալ. արտակարգ անձնավորություն, լավ ոստիկան, նվիրված ընկեր, արցախյան ազատամարտին նվիրված մասնակից: Եղել է իմ տեղակալը գնդի հրամանատար եղած ժամանակ»: Եվ, անդրադառնալով բուն այդ հարձակմանը, մեր զրուցակիցն այս կարծիքը հայտնեց. -Ես միանշանակ դատապարտում եմ իրենց արարքը: Դա քաղաքական պայքարի ճանապարհ չէ, դրանով ապացուցեցին, որ իրենք քաղաքականության հետ ոչ մի աղերս չունեն: Եթե նրանք փորձում էին իշխանափոխության հասնել, ինչպես իրենք են ասում, ապա դրա համար կան քաղաքական պայքարի լուրջ միջոցներ: Սակայն զինված ոստիկա նական ստորաբաժանումը գրավելով եւ սպային իր պարտականությունների կատարման ընթացքում զոհ տալով` ոչ մի բանի չեն կարող հասնել: Ես դատապարտում նման արարքը եւ գտնում եմ տվյալ պարագայում միակ ելքը զենքը հանձնելը եւ իրավապահներին հանձնվելն է: Այլ հանգուցալուծում այս իրավիճակում ես չեմ տեսնում ու, կարծում եմ, որ նրանք, ի վերջո, կգիտակցեն, սթափ կգտնվեն եւ կտեսնեն, որ այլ ճանապարհ չկա: – Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց ՊՊԾ գունդը գրավեցին: – Ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատար եւ, ըստ իս, նրանք գրավեցին ՊՊԾ գունդը, քանի որ դա հենց այն ստորաբաժանումն է, որը մշտապես քաղաքական տարբեր իրավիճակներում կանգնած է ծայրահեղական ուժերի դիմաց եւ հասարակական կարգի պահպանություն է իրականացնում: Կարծում եմ` հենց սա է պատճառը, որ նրանք գրավեցին հենց ՊՊԾ գունդը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ` Արցախում գտնված
Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլեւ ազատամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը՝ ղարաբաղյան սպասումներին առնչվող: Որից հետո ասել է. «Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինքնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք. Ղարաբաղում անցկացված զորավարժություններն էլ էդ «զնակն» էին պարունակում` օգոստոսին սպասվելիք հանդիպումից առաջ` ցույց տանք, որ հողեր չենք տալու, սակայն, Երեւանում սկսված «սաբիտյաների» հետ կապված, մի քիչ այլ կերպ ստացվեց»: Իսկ ԼՂՀ սահմանադրության մասով որոշում կայացվե՞ց, հետաքրքրվեցինք մենք։ «Չէ, դեռ պետք է սպասենք, էդ էլ երեւի՝ կապված Երեւանի դեպքերի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից անցել է հինգ օր: Այս ընթացքում Հայաստանի հանրությունն ապրում է գերլարված՝ իրադարձությունների հանգուցալուծմանը սպասելով: Նման պայմաններում, երբ թվում է, թե ՀՀ իշխանության բարձրագույն ղեկավարությունը պետք է ամեն օր հանրությանը ներկայացնի իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ իր արած քայլերը, իրականում հակառակ պատկերին ենք ականտես լինում: Սերժ Սարգսյանն ընդհանրապես ասպարեզից կորել է: Վերջին հինգ օրերին նույնիսկ պաշտոնական լրահոսում նա հայտնվել է երկու անգամ՝ հուլիսի 17-ին հաղորդեցին, որ խորհրդակցություն է հրավիրել, երեկ էլ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչներին էր ընդունել: Երեկվա լուրը եթե չտարածեին, կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ երկրում չէ: Իհարկե, հասկանալի է, որ իրականում իշխանությունները չգիտեն ինչպես անել, ինչ ասել: Դրա համար էլ անցել են խորը ընդհատակ: Հ. Գ. Երեկ ՀՀԿ ԳՄ-ն հերթական նիստն էր հրավիրել, որտեղ խորը մտահոգությամբ ու տագնապով քննարկվել է իրավիճակը` այն որակելով փակուղային: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում կարծիք է հնչել, որ եթե հիմա իրենք ընդառաջ գնան զինյալներին, կանաչ լույս կվառեն քրեական խմբավորումների համար, որոնք կարող են զենք վերցնել ու ցանկացած պահի ինչ-որ պահանջներ թելադրել, բայց մյուս կողմից էլ այսպես թողնելն է վտանգավոր, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է իշխող ուժերից, ու դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Երեկ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին բացատրեց իրենց լռության պատճառը` խոստովանելով, որ չեն խոսում, որպեսզի բանակցային գործընթացին չխոչընդոտեն: Ստացվում է, որ երբ ՀՀԿ-ն խոսում է, բոլոր պրոցեսները ձախողվում են»: