24.11.2024
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. «Շտուրմ» չի լինելու, աշխատելու են ՊՊԾ գունդը գրավածների հետ «անհատապես»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը մամուլի ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներից մի քանիսը: Նրանք ապստամբներին հորդորում էին «վերադարձնել իրենց երեխեքին»: «ՉԻ» – Սովորաբար հակառակն է տեղի ունենում: Երբ որեւէ զինված խումբ ինչ-որ շենք կամ տարածք է գրավում ու պատանդներ վերցնում, ահաբեկիչները պատանդներից մեկին նստեցնում են աթոռին եւ ստիպում, որ տեսախցիկների առջեւ ելույթ ունենան եւ հորդորի կատարել զինյալների պահանջները: Իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն էր՝ ոստիկաններն էին մի քանի հոգու բերել, որ նրանք տեսախցիկների առջեւ զինյալներին հորդորեն կատարել իշխանությունների պահանջները: Այսինքն՝ այնպիսի տպավորություն էր, թե ոստիկաններն են պատանդ վերցրել: Մնում է, որ իրենց գործողություններում մինչեւ վերջ հետեւողական լինեն: Այսինքն՝ պահանջեն ուղղաթիռ, 3 մլն դոլար ու երաշխիքներ, որ անվտանգ կհեռանան ՀՀ տարածքից: Ժողովուրդը, կարծում ենք, շատ արագ կհանգանակի այդ գումարը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանության մոտեցումներում ոչինչ չի փոխվել. «շտուրմ» չի լինելու, աշխատելու են ՊՊԾ գունդը գրավածների հետ «անհատապես». նրանց ընտանիքների հետ, վերջիններիս վրա ազդեցություն ունեցող մարդկանցով։ «Շտուրմ կլինի այն դեպքում, երբ տեսնեն, որ ժողովուրդը պատրաստ է գնալ քաղաքացիական բախման, թեեւ դրա հավանականությունը փոքր է՝ մեր ժողովրդի մենթալիտետի մեջ դա չկա: Հիմա աշխատում են մաշել իրավիճակը։ Արդեն լուրեր կան, որ տղաների մեջ տարակարծություններ կան, մի մասը գտնում է, որ անիմաստ է շարունակելը, մյուս մասը շատ պինդ կանգնած է, իսկ բանակցությունները շարունակվում են հիմնականում դրսում»,- ասաց նախկին բարձր պաշտոնյա, այժմ ընդդիմադիր անձը: Ի դեպ, «այսօրվա վիճակն անալոգիկ է 2002-ի հետ, երբ մեր, «Հանրապետություն», Շավարշ Քոչարյանի կուսակցություն էր եկել ԱՄՆ դեպանը, որը բառացիորեն ասաց` Քոչարյանը մեզ պետք է, ձեռք մի տվեք նրան»: Այսի՞նքն: «Ասվեց` Քոչարյանը պետք է լուծի Ղարաբաղի հարցը, մի խանգարեք»: Ե՞վ: «Չլուծեց, իհարկե, չնայած դուրսն օգնեց նրան, որ 2003-ի սահմանադրական վստահության հանրաքվեն 1 տարով երկարի, իր ձեռքերն ազատ լինեն ներքին հարցերում»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու մասին լուրի տարածվելու առաջին իսկ պահից բոլոր գործիչները, նույնիսկ ամենաընդդիմադիրներ դիրքորոշում ունեցողները դատապարտում, մերժում էին տեղի ունեցածը: Բոլորը դեմ էին զենքով իշխանություններին խելքի բերելու տարբերակին: Իրավիճակն ամբողջովին գործող իշխանության օգտին էր: Իսկ ի՞նչ արեցին նրանք. իրավիճակը գնահատեցին իբրեւ իրենց աջակցություն եւ սկսեցին առիթն օգտագործելով՝ հաշվեհարդար տեսնել իշխանությունից տարբերվող տեսակետ ու ակտիվ պահվածք ունեցողների հետ: Զանգվածային բռնարարքներ ու ձերբակալություններ սկսվեցին: Մի հարցում, սակայն, նրանք սխալվել էին: Մարդիկ, դատապարտելով զինյալների գործողությունները, ոչ թե աջակցում էին իշխող ՀՀԿ-ին, այլ նրանց դեմ պայքարի ընտրված ձեւը: Արդյունքում երեկ արդեն ունեցանք կրակոցներով ուղեկցված բախումներ, բազում վիրավորներ (նախնական տվյալներով՝ տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան), եւ իրավճակը մի պահ ամբողջովին դուրս եկավ վերահսկողությունից: Հանուն արդարության պետք է նշել, որ Անի անունով մի երիտասարդ աղջիկ իր պահվածքով հրահրեց երեկվա բախումը՝ ոստիկաններին վերջնաժամկետ ներկայացնելով: Այնուհետեւ նա տարածքից հեռացավ, իսկ խաղաղ ցուցարարները, ենթարկվելով սադրանքին, արյունալի բախումների գնացին ոստիկանների հետ: Ոստիկանները ստպված եղան հատուկ միջոցներ կիրառել: Իսկ հավաքները շարունակում են ավելի մարդաշատ դառնալ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4,9 տոկոսով: Անցած տարի նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի արդյունաբերության մի շարք ճյուղերում անկումներ էին արձանագրվում, էլէներգիայի արտադրությունը 2014-ի համեմատ, այնուամենայնիվ, 1,5 տոկոսով աճել էր: Այսինքն՝ ստացվում է, որ ներկայումս մեր արդյունաբերությունն ավելի վատ վիճակում է գտնվում, քան անցած 2015 թվականին: Սակայն նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճը 4,8 տոկոս է կազմել: Ի դեպ, շինարարության ծավալները առաջին կիսամյակի արդյունքներով նույնպես նվազել են 7,8 տոկոսով»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Էրեբունիում «Սասնա ծռեր» խմբի հսկողության տակ անցած ՊՊԾ գնդի տարածքում այս օրերին հատուկենտ պատգամավորներ են երեւում, այն էլ կարճ ժամանակով։ Եվ որեւէ մեկը ոստիկանների ու ցուցարարների կամ ոստիկանների ու ապստամբ խմբի միջեւ կենդանի պատ ձեւավորելու նախաձեռնություն չի անում։ Հատկապես որ նախօրեին արդեն ոստիկանների ու Սարի թաղի բնակիչների միջեւ բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել, անգամ բախումներ տեղի ունեցան, կային նաեւ վիրավորներ, այնտեղ էր ընդամենը մեկ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ, եթե «էլեկտրիկ Երեւանի» դեպքում մի կողմում ոստիկանությունն էր՝ զինված, այս դեպքում զինված են թե՛ ապստամբները, թե՛ ոստիկանները։ Եվ զինված բախման, կամ հատկապես արդեն ոստիկանների կողմից ՊՊԾ գնդի գրոհի հավանականությունը մեծ է։ Ոստիկանները գրեթե ամեն օր այդ տարածքից ցուցարարների են բերման ենթարկում։ Ինչո՞ւ անցած տարվա կենդանի պատի ներկայացուցիչներն այս տարի նույն նախաձեռնությունը չեն կրկնում։ «ՀԺ»-ի զրուցակիցներն այս տարի հրաժարվեցին այդ մտքից։ Նրանց հավանաբար վախեցրել է գիշեր-ցերեկ անքուն մնալը կամ միգուցե դրա համար համապատասխան որոշում չկա։ «էլեկտրիկ Երեւանի» մասնակիցներից «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ասաց, որ ինքը Գյումրիում է, քանի որ այդ քաղաքում էլ որոշակի ակտիվություն կա։ Իսկ նախօրեին իր գործընկերներ Լեւոն Դոխոլյանն ու Իշխան Հարությունյանը Ազատության հրապարակում են եղել»։