ԲՏԱ նախարարությունը ռեկորդակիր է ֆինանսավորման աճի առումով, այն ավելացել է 89.4%-ով
2022 թվականի պետական բյուջեի նախագծով էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար կհատկացվի 41.0 մլրդ դրամ՝ 2021 թվականին նախատեսված 32.1 մլրդ դրամի դիմաց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունն իրականացնում է 13 ծրագիր, որոնք կներառեն 56 միջոցառում։ Գերատեսչության ֆինանսավորման աճը հաջորդ տարի 2021 թվականի համար նախատեսված գումարի համեմատ կկազմի 26.9%: Սակայն Խաչատրյանն ընդգծել է, որ 2021 թվականի ընթացքում էկոնոմիկայի նախարարության ֆինանսավորումը պարբերաբար վերանայվել է բարձրացման ուղղությամբ, արդյունքում, ըստ ճշտված տվյալների, նախարարության ֆինանսավորման համար 2021 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 39.2 մլրդ դրամ: Այսպիսով, հաջորդ տարվա համար նախատեսված միջոցների աճը նախարարության ֆինանսավորման ճշտված տվյալների համեմատ կազմում է 2 մլրդ դրամից պակաս։
Ֆինանսների նախարարի խոսքով, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի շուրջ 278.6 մլրդ դրամ՝ 129 միջոցառում նախատեսող 22 ծրագրերի իրականացման համար: 2021 թվականի համեմատ աճը (ավելի քան 211.6 մլրդ դրամ) կկազմի 31.6% կամ 66.922 մլրդ դրամ։ Միջոցները կուղղվեն էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը, ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը։
Ֆինանսավորման աճի ցուցանիշներով բացարձակ ռեկորդակիր է դարձել բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ինչպես հայտնել է Խաչատրյանը, գերատեսչության ֆինանսավորման աճը ընթացիկ տարվա ցուցանիշների համեմատ կազմել է 89.4%: Սակայն դրամական արտահայտությամբ նախարարության ֆինանսավորումն այդքան տպավորիչ ծավալներ չունի։ Այսպես, եթե 2021 թվականին ֆինանսավորումը կազմում էր 9.123 մլրդ դրամ, ապա այս տարի այն ավելացել է 8.155 մլրդ դրամով և կազմում է 17.278 մլրդ դրամ։
ՀՀ ֆինանսների նախարարությանը պետական բյուջեից կհատկացվի 218.4 մլրդ դրամ։ Ֆինանսների նախարարությունը իրականացնում է 4 ծրագիր՝ 15 միջոցառմամբ։ Գերատեսչության ֆինանսավորման աճը 2021 թվականի համեմատ (199.1 մլրդ դրամ) կկազմի 9.8% կամ 19.4 մլրդ դրամ։
Պետեկամուտների կոմիտեի ֆինանսավորման աճն էլ ավելի համեստ է՝ ընդամենը 4 տոկոս։ ՊԵԿ-ը 11 միջոցառում է իրականացնում մեկ ծրագրի շրջանակներում։ Ֆինանսավորումը կկազմի 33.8 մլրդ դրամ։