24.11.2024
Հուսով ենք, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց այն այլընտրանք չունի

Մենք պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Այս մասին Վիլնյուսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հետո: 


Նա, մասնավորապես, անդրադարձել է երեկ և այսօր իր կողմից վերահաստատված այն հայտարարությանը, թե չնայած արտաքին միջավայրում նկատված խնդիրներին՝ Հայաստանը որդեգրել է մեր տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու քաղաքականությունը:


"Պիտի ընդգծեմ, որ նախկինում էլ առիթ եմ ունեցել ասել, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե պետք է խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրների և ժողովուրդներին միմյանցից, այլ հակառակը, նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն, ըստ էության, սկսել է ակտիվացնել իր գործունեությունը: Պիտի արձանագրեմ, որ դրական եմ համարում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը",- ասել է Փաշինյանը:


"Մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որն իմ կարծիքով, պիտի մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ",- շեշտել է նա:


Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձը շատ կարևոր խնդիր է:


"Ես երեկ էլ մեր համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առիթ ունեցա ասելու, որ ինչպես նախկինում եմ հայտարարել՝ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը: Մենք քարտեզների մի մասը փոխանցել ենք և ինչպես երեկ ասացի՝ այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար: Հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին իր հետ կբերի, պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Ընդորում, տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլ այն մեր քաղաքացիներին, որոնք մեր տեղեկություններով գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերեվարված լինելու փաստը հաստատված չէ:


Հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց մյուս կողմից կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի և մենք քայլ առ քայլ, հետևողականորեն պիտի իրականություն դարձնենք այդ օրակարգը",- հավելել է նա: